Մենակությունն ու օտարացումը ամենասարսափելին են, որ կարող են պատուհասել մարդկանց, դրանք հակամարդկային են։ Հենց այդ թեման է արծարծել Գոհար Սարգսյանը՝ իր «Անծանոթները Սենյակում» խորագրով անհատական ցուցահանդեսում, որ բացվել է Հայաստանի ազգային գրադարանում։ Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ նախագիծը անդրադառնում է համավարակի եւ պատերազմների հարուցած գոյաբանական ճգնաժամին։ Տարբեր մեդիաների միջոցով՝ գծանկար, քանդակ, անիմացիա, Գոհարը կարողացել է արտահայտել այն մարդկանց հույզերը, որոնք անցել են այդ փորձությունների միջով։

Այդպես սկսեցի «Անծանոթներ» շարքը, որը հետո զարգացավ, դարձավ անիմացիաներ, եւ եկավ մի պահ, որ պետք է արդեն իրենց մի տեղ հավաքեի։ Համավարակն իրենց հեռացրել էր, ես ընդհակառակը, փորձեցի մոտեցնել, դրա համար էլ խորագիրը դարձավ «Անծանոթները Սենյակում»։ Այդտեղ հարց առաջացավ՝ ե՞րբ են մարդիկ դառնում անծանոթ եւ որ պահից՝ հարազատ։ Ես հասկացա, որ կոնկրետ ինձ համար մարդիկ հարազատ են դառնում, երբ խոսում ես նրանց հետ, զգացմունքային կապ է ստեղծվում եւ անծանոթության զգացողությունն անհետանում է։ Գաղափարն այն էր, որ ցուցահանդեսի դիտորդները երկխոսության մեջ մտնեն իմ անծանոթների հետ ու կոտրեն անծանոթության, միայնակության, պատերազմների ու համավարակի հակամարդկային ժամանակահատվածը»։
Գոհար Սարգսյանն ասաց, որ ցուցահանդեսն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Հարավային Կովկասում արվեստի եւ մշակույթի զարգացման տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Հավելեց, որ ուրախ է «ոչ ցուցահանդեսային» տարածքում ՝ հենց Հայաստանի ազգային գրադարանում նախագիծն իրականացնելու համար․ «Ավելի լավ տարածք չէի կարող գտնել: Առաջին անգամ եմ աշխատում նման տարածքի հետ՝ գալերեաներից եւ ցուցասրահներից դուրս»։
Կարդացեք նաև

Ցուցահանդեսը յուրօրինակ էր ոչ միայն թեմայով, ընտրված տարածքի առանձնահատկություններով, այլ նյութի մատուցման եղանակներով։ Ցուցահանդեսի մի բաժինն էլ աուդիո նախագիծն էր, որը կոչվում էր «Ձայներ»։ Ցուցահանդեսի այցելուն կարող էր ականջակալների միջոցով լսել այդ ձայները։ «Հավաքել եմ տարբեր մարդկանց զգացմունքները, հիշողությունները վախերը համավարակից, պատերազմից հետո։ Տարբեր ազգի մարդիկ ինձ ձայնային հաղորդագրություններ են ուղարկել, թե ինչ են զգացել պատերազմի ու համավարակի ժամանակ։ Ցավոք, այդ շրջանում ամեն մեկն իր մեջ էր փակված եւ չէր կարողանում արտահայտվել, բայց ես ուզում էի բոլորին ասել՝ դուք ինձ համար կարեւոր եք, ձեր զգացողությունները կարեւոր են, եւ դուք մենակ չեք։ Հնարավոր է, որ այս աուդիոնախագիծը հետո շարունակվի։ Ինձ ուղարկված ձայնային հաղորդագրությունները տարբեր լեզուներով են, բայց դրանք մարդիկ են, որոնք այդ օրերին ապրել են Հայաստանում»,-ասաց մեր զրուցակիցը։
Հարցրինք, թե իր հնչեցրած հարցերից որն է իր համար ամենակարեւորը, եւ ինչպես է անձամբ ինքը պատասխանում դրան։ Գոհարն առանձնացրեց «Ի՞նչն է մեզ մարդ դարձնում»։ Ապա ասաց, որ իր համար մարդացման ճանապարհը նախ եւ առաջ սկսվում է կարեկցանքից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


























































