Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդավոր վերամարմնավորում

Հոկտեմբեր 23,2022 16:26

Ռեինկարնացիայի գաղափարն օրեցօր գերիշխող է դառնում: Ինչքան էլ որ դավանաբանական առումով անընդունելի, իրական կյանքում, մարդկային քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց, այն ավելի ու ավելի ճշմարտանման է թվում՝ զարդարված անառարկելի թվացող ապացույցներով ու վկայություններով:

-Բարդ բան եք ուզում ինձանից՝ ուզում եք սուզվեմ հուշերիս վիհն ու փնտրեմ բյուրեղ մանուկ հույզերս՝ աղավնու թևին ճախրելիս,-ասաց կապուտաչ վաղեմի բարեկամս ու ընկրկեց դժկամ։ Նրա պատմության մասին վաղուց էի լսել ու տպավորվել։ Մի ճերմակաթույր, ամպապատառ ու առանձնահատուկ աղավնու մասին էր խոսքը։ Այդ մասին քաղաքում շատերը գիտեին: Զարմանալի հավքի մասին պատմությունը ժամանակի հետ ավելի ու ավելի խորհրդավոր էր դառնում՝ ստանալով առասպելական երանգներ:

Ու ես թախանձեցի նրան մի անգամ ևս պատմել։

Վարդան Սարգսյան

-Դե, նայի՛ր,-ասաց ճարահատ,-մեր քաղաքում  աղավնուց հասկացողներ կան, իսկ հասկանալու համար լավ աղավնիներ պիտի ունենաս։ Ես էլ՝ ոչինչ, քիչ-միչ հասկանում եմ ու մի եզակին էլ ես եմ ունեցել ու… կորցրել։ Եթե եղել է, ուրեմն էլի պիտի գտնվեր։ Այդ թռչունը Բաքվից էր բերվել, ու ես գնել էի։ Այդպիսի աղավնու մասին ոչ լսել էի, ոչ էլ  էլ տեսա երբևիցե։ Հուսավառ մեկնեցի Բաքու և ընկա մի քանի սերունդ ձգվող աղավնապահների մի օջախ։ Այն ժամանակ ես տասնութ-քսան տարեկան էի, տանտերը՝ յոթանասունն անց։

-Ինչպիսի՞ աղավնի էս ուզում,-հարցրեց բարյացակամ մարդը։

-Այսպիսի, այսպիսի, այսպիսի․․․,-բացատրեցի։

-Ինչպիսի՞,-թախանձեցի նկարագրել,-չէ՞ որ ասացիր, որ այդպիսին երբեք չտեսար։

-Այդ աղավնին կարծես զգում էր քեզ, մարդու նման հասկանում։ Նա մի՝ կարծես աներևույթ կապով էր կապված հետս։

Ասենք, դիմահայաց բազմահարկ շենքերի միջև հեռավորությունը երեսուն մետր է։ Պատկերացրու, որ այդ տարածությունը նա կտրում էր երեսուն րոպեում։ Երեսուն մետր բարձրության վրա նա ճանապարհն անցնում էր խաղալով՝  հարյուր վաթսուն շրջապտույտ՝ լսելի թևաբախյունով. բակի երեխաները բարձրաձայն հաշվում էին, անգամ՝ հաշիվը կորցնում։ Դա, ընդամենը, շենքից-շենք՝ տունդարձի ճանապարհն էր։ Իսկ որ թռցնում էինք, ասենք, լուսաբացին, մինչև մութը չընկներ՝ չէր վերադառնում։ Ու ողջ այդ ընթացքում մնում էր տեսադաշտումս՝ թռչելով միջին, հետո՝ հազիվ նշմարելի կետի վերածվում, ավելի բարձրանալով՝ չքանում ու կրկին հայտնվում։ Այդպես՝ մինչև երեկո։ Հաճախ, երբ բակից շատ հեռու էի, ասենք՝ քաղաքից դուրս, հայացքով փնտրում էի՝ հայտնվում էր։ Հայտնվում էր գլխավերևումս՝ միջինից ցածր բարձրության վրա, ցույց տալիս իրեն, հետո կետի վերածվում, չքանում։ Միջին բարձրությունը, աղավնի պահողները լավ գիտեն, դա այն բարձրությունն է, երբ թռչնի թևերը նշմարելի չեն։ Հաջորդ մակարդակը «կետն» է, որտեղից ընկուզաչափ թևորդը վեր մղվելով՝ չքանում էր լուրթ անհունում։ Նորից կամենայիր տեսնել՝ կրկին կհայտնվեր։ Ապշած էիր մնում. միտքդ որսում էր անբացատրելի շնորհով։ Միշտ նրա հետ էի, նրա զգայածիրում։ Անզեն աչքով թեև անտեսանելի՝ քեզ հետ էր։ Մտքով կամենայիր՝ կհայտնվեր։ Միայն այդ աղավնին էր այդպիսին։ Ես շատ աղավնիներ եմ ունեցել։ Խաղեր կան. ինչքան օդում խաղը՝ խփոց–թևազարկը շատ է, այնքան թռչնի դասը բարձր է։ Ղուշ է եղել, ասենք, իջել է ձեռքիս՝ կուտ կերել, ճանաչել է, բայց հասկանու՞մ եք՝ հավ է եղել։ Նա ուրիշ էր։ Աղավնի կա՝ սյունաձև էր խաղում, ռետինի պես գլխապտույտ թևածափով վեր էր մղվում, կար, որ «հասարակ» էր թռչում։ Հասարակն այն է, երբ թռչում է հորիզոնական ու տաս մետրի վրա մեկ անգամ խփում է։ Հասարակ խաղացողներ շատ կան։ Լավ աղավնին այդ տարածությունն անցնում է  թևածափի շարանով, ինչը լսելի է միջինից ցածր բարձրություններում։ Նրա թևազարկը, անգամ, լսելի է լինում միջին  բարձրությունից։ Բազում թռչուններ եմ ունեցել՝ տարատեսակ գովելի հատկություններով։ Բայց նա ուրիշ էր։ Այն, կարծես, աղավնային լավագույն հատկանիշների կրողն էր։ Եղել է, որ երեք օր ճախրի մեջ է եղել։ Դա իրեն կորցնելու վերջին օրերն էին. գնաց ու չեկավ։ Հավանաբար, բազեի զոհ էր դարձել։

Անտերը միշտ լավագույններին է ճանկում։

-Ինչո՞ւ,-հարցրի։

-Որովհետև լավն ավելի շատ է լինում օդի մեջ։

Չէր իջնում։ Իջնում էր կետ, միջին, անհետանում, կրկին երևում։ Այդ ժամանակ նա մենակ չէր. ձագ ուներ։ Ձագի հետ կորավ։ Երկու ձագ էր ունեցել։ Ընկերս, որ դրկից էր ու միասին էինք խնամում աղավնիներին, մեկը տանուլ տվեց։ Աղավնապահները հաճախ են գրազ գալիս։ Յուրաքանչյուրը միաժամանակ օդ է նետում իր ընտրած աղավնուն։ Ում աղավնին վերջինն էր վերադառնում, նա հաղթողն էր ու պիտի  պարտվածին, այսինքն՝ առաջինն իջածին տիրանար։ Այդպիսի տխուր բախտի արժանացավ  նրա ձագերից մեկը՝ քամոտ ու տրտում մի օր։ Ընկերոջս մեղքով էր։ Նոր տերը անարժան մեկն էր։ Նրա աղավնանոցում  ձագը կուտադուլ է անում ու հանգում։

-Տարածվա՞ծ բան է,-հարցրի։

-Այնքան էլ՝ չէ, բայց դրա հետ այդպես եղավ։ Առավոտյան ելնում էինք տանիք, երազուն-պատանեկան թափառ  հայացքներս հառում բիլ հեռուներին։ Ու հայտնվում էր նա։ Այդ միակը, նախանձելին, որ իմն էր ու բերվել էր հեռուներից։ Դրա արուն, իսկ աղավնիները զույգեր են կազմում ու համարյա չեն դավաճանում իրար, մեր քաղաքի լավագույն աղավնապահի ղշերից էր։ Միասին օդ բարձրանալուց մի քանի ժամ հետո վերադառնում էր, կուտ ուտում, ջուր խմում ու կրկին բարձրանում, որպեսզի ժամեր հետո միասին իջնեն։

Բաքվում եմ։ Արմինիքենդում մորապապս տուն ուներ։ Ծեր աղավնապահը մերոնց հարևանն էր։ Ընդարձակ բակի վարդաշող մեծ պտուղներով թզենու տակ դրված փոքր սեղանին հախճապակե ցմփոր թեյնիկ կար, կողքին նարգիլե և հայտնի՝ տանձաձև բաժակները։ Դիմացը՝ թախտին՝ նա էր, կարմրաթուշ, տոհմիկ աղավնապահը։ Քիչ այն կողմ՝ պատի տակ, դրված երեք մեծ աղավնատնակներից լսվում էր աղավնիների ղունղունոցը։ Խնդրեցի աղավնիներ թռցնել։ Իմանալով մտադրությունս, բարյացակամ մարդը, ատամների տակ ղրճացնելով շաքարը, կում առավ, թերահավատ հայացքը չպոկելով դեմքիցս, հարցրեց․

-Ինչպիսի՞ թռչուն ես ուզում։ Նկարագրեցի։ Զարմացկուն հայացքը, կարծես, քարացավ։ Մի քանի հարյուր աղավնի պահող մարդը, թվաց, չէր հավատում լսածին։

-Երկար տարիների երազանքս է-, խոսեց,-որ քո նկարագրած ղուշը բռնեմ։ Շատ աղավնիներ եմ ձգել, պահել, բայց ինձ բախտ չի վիճակվել նմանն ունենալ։ Ես այսքա՜ն տարի դրա համար եմ աղավնի պահում, պապս ունեցել է ու նկարագրում էր՝ ինչպես դու։ Երկինքը շնորհել է քեզ, բայց դու լավ չես պահել։ Եկ՝ էլ աղավնի մի պահիր։ Դու ունեցել ես լավագույնն ու դժվար թե նորը գտնես։ Ինձ չի հաջողվել ունենալ ու հույս էլ չունեմ։ Քեզ մի զույգ կտամ, կուզես՝ պահիր, կուզես՝ ինչ ուզում ես արա, քեզ՝ մատաղ, ասաց, ափով ստուգեց թեյնիկի ջերմությունը, կողք հրեց։

Երկու ճերմակ, արդեն կարգին թևակալածը նվիրեց, թախծոտ ու տրտում ճամփա դրեց։ Երկու զույգ էլ այլ տեղից գնեցի ու վերադարձա տուն։ Ծերուկի տվածը նվիրեցի մանկության ընկերոջս, իսկ մյուսները՝ այլոց։ Երդվեցի էլ աղավնի չպահել։ Իրականացավ հորս փափագը, ում  աղավնամոլությունս դուր չէր գալիս։ Հաճախ էր հեգնում ինձ, ամուր սեղմված շրթունքների անկյունով ֆշշացնելով՝ նմանակելով ամենօրյա՝ աղավնապահի պարտադիր շվշվոցս։

Մոտ երկու տասնամյակ անցավ։ Օրերից մի օր լուր առա, որ հորեղբորս թոռն աղավնի է ձեռք բերել ու փորձում է պահել։ Անփորձ էր։ Հայրը խնդրեց հունի բերել որդուն, սովորեցնել, փորձ փոխանցել։ Չմերժեցի։ Շատ լավ ղշեր դուրս եկան։ Ասենք՝ առավոտը, որ թռցնում էինք, մինչև իրիկուն չէին իջնում, ուզածիդ նման խաղեր էին լինում։ Մոտերքում առևտուր անող դրսեկ, գործից հասկացող մրգավաճառներից եկել, առաջարկել էին վաճառել իրենց։ Բայց ինչքան լավը լինեին, իմ կորցրածից կրկնակի պակաս էին։ Մեկ-մեկ գնում էի օգնում՝ թռցնում էինք։

Մի օր, երբ էլի էդ գործի վրա էինք ու շվշվոցով թռչել էիք պարտադրում, տանիքի վրա, ալեհավաքին՝ մեծ մի ագռավ հայտնվեց ու նայելով իմ կողմը, սկսեց կռկռալ։ Ազդեց նյարդերիս վրա։ Կարծես ասելիս լիներ՝ մեծ մարդ ես, ի՜նչ բանի վրա ես, դրա մեջ ին՞չ կա, ժամանակդ ինչի՞ վրա ես ծախսում, ինչ էս ֆի՜շտ–ֆի՜շտ…

Հիշեցի հորս։

Թվաց՝ հենց ինքը՝ իմ անկրկնելին է ագռավի մարմնում։ Ու ես վրդով սկսեցի խոսել ագռավի հետ ու ասացի.

-Բա դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, որ ինձ էլ բան ասես։ Ագռավ չէ՞ս ընդամենը. կը՜ռ-կը՜ռ, մոռացել ե՞ս, որ քեզ Նոյը բաց է թողել, գնացել ես՝ կորել։ Էլի աղավնին էր լուր բերողը։ Ու կարծես պատասխան եմ ստանում․

–Դա մի կողմ, ուղիղն ասա՝ ի՞նչ է ուզածդ։

Ասացի՝ թող գնա, էլի, դու ագռավ ես ու աղավնի չես կարող դառնալ։ Էդ անպիտան թռչնից մի տեսակ զզվում էի։ Փոքր ժամանակ թաղի մի բարդու վրա հյուսված ագռավաբնի հասա, ձագերը՝ կարմիր, կարմիր մսակտորներ էին կարծես՝ անդուր, երկար կտուցով։ Ու էդ տհաճ տպավորությունն էլ ինձ չլքեց:

-Ասա, էլի, աղավնու իմաստը ո՞րն է, նրա արածը հեչ մի բան է։

Ասացի՝ ո՞նց, դու ի՞նչ կարող ես անել։

Էսպես խոսում ենք։ Ու կարծես, ասում է.

-Դե, տես, քեզ ցույց տամ, որ իմանաս՝ ագռավն ով է։ Ու վեր է կենում, էն լավ աղավնու՝ Տասնչորսի նման։ Նրա անունն էր այդպիսին, որովհետև պոչի փետուրների թիվը տասնչորս էր։ Բացառիկ են տասնհինգ, տասնվեց փետրանիները։ Լավ լինելը դրա հետ առանձնապես կապ չունի։ Ընդհանրապես, հարյուրից ութսունհինգ-իննսունը տասներկու հատանի են լինում։ Դե, աղավնիները երեք հարյուրից ավելի տեսակ ունեն։

Մեկ էլ ալեհավաքից պոկվում, գլուխը դեպի ինձ, աղավնուց էլ թեթև, թիթեռի նման սյունաձև մղվում է վեր՝ մի հարյուր մետր։ Թույլերը բազմաթիվ գալարապտույտներով են հասնում այդ բարձրության։ Ինքն էլ փոքր չէր, հասուն մի ագռավ՝ աղավնու երեք-չորս չափսին։ Հասավ համարյա միջին մակարդակ, պտույտ արեց, նորից, էլի, զսպանակվեց վեր ու կանգ առավ՝ հանց բազե։ Ոնց որ ասելիս լիներ. «Հը, ո՞նց է»։

-Շատ լավ է, բայց խաղ չկա, խա՛ղ, ղուշը խաղ էլ ունի,-խոսում ենք մտովի, թույլ մրմունջով, գուցե անգամ բարձր էի խոսում, չեմ հիշում, բայց ակնհայտ կապ կար մեր մեջ։ Մեկ էլ, թրը՛մփ՝ շաչեց խաղը։ Թևածափի բախյունից փետրեր թռան ջինջ եթեր ու երազի նման թեթևասահ անէացան։ Ագռավը մնաց նույն դիրքում, դակված նույն կետին, առանց անկման, ինչպես իմ անկրկնելին։ Թույլերը և անհասները պտույտից հետո վար են վիժում։ Սա մնաց  նույն կետում՝ աղեղի պես պիրկ։ Ու թվաց՝ասում էր. «Էս էլ ուզած խաղդ»։

Ապշել ու կարկամել էի.

-Լավ է։ Խոսք չկա, հաղթեցիր, դրոշը քոնն է,-եզրափակեցի մեր ենթադրյալ բանավեճը, որ, այնուամենայնիվ, իրական էր, կարծես։ Նույն պահին ագռավապարփակ անիմանալի ոգին հաղթական կախվեց ու սուրալով չքացավ դիմակա լեռնաբազուկից անդին։

Ու չեմ կարողանում ինձ համոզել հակառակում, որ իրականում ագռավի մարմնում հենց նա էր: Չգիտեմ:

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31