«Երբ իմացա, Մոսկվայում էի։ Պավել Գրաչովը զանգեց, թե երբ ես գնալու ՀՀ։ Իրար հետ եկանք։ Մինչեւ այսօր սգում ենք, որովհետեւ մեր կյանքի նվիրյալ հերոս մարդիկ ժամանակից շուտ հայտնվեցին Եռաբլուրում։ Ես 1997թ․-ից եմ եկել ՀՀ՝ հենց սպարապետի հրավերով, որ ներդրումներ անեի, բիզնեսով զբաղվեի։ Ասում էր, որ պետք է երկիրը զարգացնենք, աշխատատեղ ստեղծենք, որ ուժեղ բանակ ունենանք։ Նրան լսում էին, հետը մարտի գնում ու հաղթում»,-Եռաբլուրում այսօր խոսելով հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին՝ ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վաղամեռիկ վարչապետ Վազգեն Սարգսյանի մասին լրագրողներին ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։
Հարցին՝ 23 տարի անց այս գործը բացահայտված համարո՞ւմ է, նա պատասխանեց․ «Հիմա մարդկության մեջ կա բանաձեւ՝ արդարություն․ տհաճ մարդիկ, որ այս սեւ գործն արեցին, իրենք գիտեն ով ինչ է արել։ Հիմա չեմ կարող անուններ տալ։ Իրենք լսում են, որ իրենք են այս չար գործն արել եւ մեր ազգի հերոսներին ժամանակից շուտ հասցրել գերեզման»։
Թե ում էր խանգարում սպարապետը, Տիգրան Արզաքանցյանը կարծիք հայտնեց՝ նրանց, ովքեր չէին ուզում, որ Հայաստանն ուժեղանար․ «Ներքին մարդիկ էլ, արտաքին էլ։ Ներսում եղավ դժբախտություն եւ ոչ արտաքին թշնամու ձեռքով։ Կատարողները հանձնարարություն ունեին, բայց հրաման տվողը մնում է հրաման տվող։ Հիմա ամենակարեւորն այն է, որ սթափվենք, ուժ հավաքենք, որ նման ցնցումներ եւ դժբախտություններ չկրկնվեն։ Դրա պատճառով ունենք այս վիճակը։ Երկիրն այսօր կարիք ունի Վազգեն Սարգսյանի պես հերոսների, որպեսզի ճիշտ կազմակերպված աշխատանքներ, մարտական ու հրամայական․․․չկատարվեց, դրա համար ունեցանք այն, ինչ ունենք։ Տեսնում եք, թե մեր կողքին ինչքան եռագույն դրոշներ կան»։
Կարդացեք նաև

Հարցին՝ այսօրվա իշխանությունը որքանո՞վ է հետամուտ Արցախի հարցի վերաբերյալ Վազգեն Սարգսյանի գաղափարներին, Տիգրան Արզաքանցյանը պատասխանեց․ «Նա տարբերություն չէր դնում, ուզում էր, որ Արցախն ու ՀՀ-ն միասին լինեն, բայց այնպես էին արել, որ Արցախին ուրիշ դրոշ նկարեցին։ Չէ՞ որ Արցախը Հայաստան է։ Չմոռանանք ու չբաժանենք։ Դիվանագիտության պակաս կա, որ բերեց պատերազմի։ 30 տարում իշխանությունները չկարողացան թշնամու հետ ճիշտ որոշումներ կայացնել, որ խաղաղ պայմաններում ապրեինք։ Իսկ այօրվա իշխանությունը լավ գիտեք ինչ արեց։ Ու շարունակում է։ Դրա համար անփորձ, պարտված իշխանությունը պետք է գնար։ Նոր ուժեր պետք է գային»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































