Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022թ.-ի նոյեմբերի 10-ի արձանագրությամբ՝ դադարեցվել է ավագանու անդամ Սեւակ Մուսաթյանի լիազորությունները, իսկ նրա մանդատը տրվեց «Հանուն Հանրապետության» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Արսեն Ավագյանին։
Չնայած օրենքի պահանջով՝ նոր անդամին մանդատ տրվեց, սակայն Սիսիանի ավագանին փաստացի չի գործում։ Հիշեցնենք, որ Սիսիանի ավագանու անդամի մանդատ ստացած երեք ուժերի՝ «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների եւ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված բոլոր թեկնածուները բացարկի դիմումներ են ներկայացրել։
Aravot.am-ի տեղեկություններով, համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանին մանդատներից հրաժարվելու մասին դիմումներ են ներկայացրել «Ապրելու երկրի» ՝4, «Մեկ Հայաստանի»՝ 2, «Աշխատանք եւ Արդարության»՝ 5 ավագանու անդամները։ Գործող կարգի համաձայն, համայնքապետարանը այդ դիմումները պետք է ուղարկի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Այս պահին Սիսիանի ավագանու 21 մանդատից 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ունի, 2-ը՝ «Հանուն Հանրապետությունը»։ Ստացվում է, որ Սիսիանի համայնք ավագանին իրավազոր չի որոշումներ կայացնելու այս կազմով, քանի որ քվորում չի ապահովվում։
Իսկ ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 12-ին, երբ նորընտիր ավագանու նիստում 9 կողմով համայնքապետ ընտրվեց ՔՊ ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը, որին քվեարկել էր նաեւ «Հանուն Հանրապետության» կուսակցությունից մանդատ ստացած Նախշուն Յազուլյանը։ Համայնքապետի մյուս թեկնածուն՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Առաքելյանը ստացավ 7 ձայն։ Այդ նիստից հետո մանդատ ունեցող երեք ուժերը հայտարարեցին ինքնաբացարկի մասին՝ բոյկոտելով համայնքի ղեկավարի երդման արարողության համար հրավիրվող ավագանու արտահերթ 2 նիստերը։ Առաջին նիստին չմասնակցեցին «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու 4 անդամները։
Կարդացեք նաև
Այս պարագայում ենթադրվում է, որ Սիսիանում համայնքի ավագանու նոր ընտրություններ կնշանակվեն։ Իսկ այսօր՝ նոյեմբերի 11-ին կայացած կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում 2023 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են նշանակվել՝ մարտի 26-ը, հունիսի 11-ը, հոկտեմբերի 29-ը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































