«Հայաստանի կոմունիստական կուսակցության», «Սովետական սպաների միության» եւ «Պատրիոտ դաշինք» ռազմահայրենասիրական հ/կ-ի անդամներն այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ Հայաստանի եւ ՌԴ-ի դրոշներով հավաք իրականացրին՝ հայտարարելու համար, որ դատապարտում են մեր երկրում ուժգնացող հակառուսական տրամադրությունները։

Ըստ Երջանիկ Ղազարյանի՝ հակառուսական ուժերն այսօր ամեն ինչ անում են, որպեսզի թուրք-ադրբեջանական օրակարգը ՀՀ-ում առաջ գնա եւ «խաղաղության պայմանագիրը» կնքվի ոչ թե ռուսական, այլ վաշինգթոնյան տարբերակով․ «Վաշինգթոնի տարբերակին մենք դեմ ենք, քանի որ դրանով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ճանաչվելու՝ Արցախը ներառյալ։ Հաջորդիվ հարց կառաջանա՝ եթե դա ինքնիշխան Ադրբեջանի տարածք է, ՌԴ խաղաղապահներն այնտեղ ի՞նչ են անում։ Հաջորդիվ, երբ ՌԴ-ն թուլացած լինի, ՀՀ-ից դուրս կբերվի ռուսական ռազմակայանը։ Շատերը մոռացել են, որ 1992թ․-ին Թուրքիան պատրաստ էր հարձակվել ՀՀ-ի վրա, եւ այն ժամանակ կոմկուսի երջանկահիշատակ առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանի շնորհիվ բերվեցին ՌԴ սահմանապահները, եւ մինչեւ օրս Թուրքիան չի համարձակվել մտնել ՀՀ։ Եթե եղավ թույլ Ռուսաստան, չի լինելու Հայաստան»։
Կարդացեք նաև
Երջանիկ Ղազարյանը նաեւ նշեց, որ ՀՀ-ՌԴ պայմանագրերն ու համաձայնագրերը թարմացման, ամրապնդման կարիք ունեն․ «Հասկանանք, որ ՌԴ-ի շահերը մեր հետ համընկնում են, բայց նա չի կարող այսօրվա իրավիճակում վատթարացնել իր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Թուրքիան իր համար ժամանակավոր, իրավիճակային գործընկեր է։ Ելք էր պետք՝ հաշվի առնելով պատժամիջոցները։ Իհարկե, մենք ողջունում ենք Եվրոպայի քայլերը, բայց թղթի վրա գրելն ու իրականում գործ անելն ուրիշ բաներ են։ Շատերը ոգեւորված են Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի սենատի որոշումից՝ մոռանալով, թե ինչպես Ֆրանսիան 1921թ․-ին Կիլիկյան Հայաստանը վաճառեց Թուրքիային։ Եթե այսօր ՌԴ խաղաղապահները դուրս գան Արցախից մնացած հատվածից, ունենալու ենք ցեղասպանություն, հայաթափում, ինչպես Նախիջեւանում եղավ»։
Երեւանում վաղը կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Երջանիկ Ղազարյանն ասաց՝ ակնկալիքներ ունեն, որ հնարավորություններ կգտնվեն Ադրբեջանին սաստելու, որքան էլ ոմանք պնդեն, թե ՀԱՊԿ-ում ընտրողաբար են բարեկամ համարում Ադրբեջանին ու ՀՀ-ին․ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կանոնադրության փոփոխությանը, ապա եթե դա հնարավորություններ է ստեղծում, մենք սատարում ենք դա։ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալու հնարավորությանը դեմ ենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































