Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանն, որ Արամ Խաչատրյան համերգասրահում ավարտված «Զինվորի տանը» նվիրված Վլադիմիր Սպիվակովի բարեգործական համերգի ավարտին զինհաշմանդամները քոչարի պարեցին, բայց ոչ ոք, այդ թվում`ծնողները, չհիշեց պատերազմում զոհվածներին, ասաց. «Ամուսինը` լինելով ղեկավար, որին ենթարկվում են բոլոր ուժային կառույցները, ոչինչ չի անում բացահայտելու համար, ինչից մենք եզրակացնում ենք, որ նա իրազեկ է եղել եւ, գուցե, հրահանգել է որպեսզի ամեն կերպ կասեցնեն ծնողների կողմից իրենց մուտքը Եռաբլուր փակելու գործողությունը: Դրա արդյունքում զոհվածների մայրերին ենթարկվեցին անպատկերացնելի բռնության: Ծնողները բողոքեցին եւ պարզվեց, որ չեն կարողանում նույնականացնել բռնություն կիրառած այդ հանցագործներին: Հիմա վարչապետի տիկնոջը եթե զոհվածների հարգանքն իսկապես հուզում է, ապա նա պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի, որպեսզի ոստիկանության, ՔԿ-ի, դատախազության եւ այլնի միջոցով բացահայտվեն հանցագործները եւ ոչ միայն ենթարկվեն համապատասխան պատժի, որը ենթադրում է նաեւ քրեական գործ հարուցել նրանց դեմ, այլեւ որպեսզի այլեւս երբեք իրավունք չունենան ոստիկանությունում աշխատելու: Եթե տիկին Աննա Հակոբյանը կձեռնարկի այդ աշխատանքը, ապա ես կկարողանամ հավատալ, որ այդ ամենը քարոզչական անիմաստ հնարք չէր` նաեւ այդ հրաշալի համերգը ստվերելու: Ես կարծում եմ, որ իրենից կախված է մի շատ կարեւոր բան. հետամուտ լինել, որպեսզի բացահայտվեն, թե հանցագործները թե ում հրահանգն են կատարել ու նրանք պատժվեն,,:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































