Ֆինանսական խնդիրներն այլևս չեն խանգարի ուսանողներին մասնակցել դասական երաժշտության համերգներին. «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը նրանց այդ հնարավորությունը տալիս է:
Դեռ փետրվարին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշակել էր « Իմ սիմֆոնիկը» կրթամշակութային ծրագիրը, որի նպատակն է երիտասարդների այդ խմբին հաղորդակից դարձնել դասական երաժշտությանը կամ մոտեցնել դասականին, ստեղծել միջավայր, որպեսզի ուսանողները նորովի ընկալեն դասական համերգների բովանդակությունը, դառնան մշակույթին վերաբերող տեղեկատվության տարածման առանձնահատուկ դեսպաններ երիտասարդության և հանրության շրջանում:
Ըստ ծրագրի՝ տարբեր համալսարաններում սովորող շուրջ 2000 ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու դասական երաժշտությանը՝ արդեն հավաքված էլեկտրոնային փոստերով տեղեկատվական նյութեր ստանալու և համերգներին ներկա գտնվելու միջոցով: Ապրիլ ամսից սկսած ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Իմ սիմֆոնիկը» ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Aravot.am-ը զրուցեց ծրագրի համակարգող Դիանա Սարգսյանի հետ:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ մինչ ծրագրի մեկնարկն իրենք կապ են հաստատել համալսարանների հետ, որից հետո հավաքագրել են այն ուսանողների տվյալները, որոնք ցանկություն են հայտնել հետագայում մասնակցել դասական համերգներին և ստանալ հրավիրատոմսեր. «Այս ամենից հետո հավաքագրած էլեկտրոնային հասցեներով սկսել ենք հրավիրել ուսանողներին դասական համերգներ ունկնդրելու»:
Ծրագրի շրջանակներում ուսանողների համար կազմակերպվում են հանդիպումներ, որոնց ընթացքում հանդիպման կազմակերպիչները ներկայացնում են նվագախումբն ու առաջիկա ծրագրերը: Ընդհանուր ծանոթությունից հետո ուսանողներին տրվում են հրավիրատոմսեր սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգների համար:
Դիանա Սարգսյանը զրույցի ընթացքում հավելեց, որ սկսել են իրականացվել ֆոկուս-խմբային քննարկումներ համերգների հաճախած ուսանողների հետ՝ հետադարձ կապի ապահովման նպատակով. «Երևանի պետական համալսարանի հետ արդեն իսկ ունեցել ենք մի քննարկում: Այս քննարկումների հիմնական նպատակն է պարզել ուսանողների տպավորությունները, ինչպես նաև նախասիրություններն ու ակնկալիքները, ինչը հնարավորություն կտա կատարելագործել համերգների բովանդակությունը՝ համապատասխանեցնելով ուսանողների ցանկություններին ու սպասումներին: Հետազոտությունը և քննարկումները մեզ կօգնեն նաև հետագայում ավելի ամրապնդել մեր կապը երիտասարդ ունկնդրի հետ»:

«Իմ սիմֆոնիկը» ծրագրի մասնակիցներից Արև Սարգսյանը սովորում է Երևանի պետական համալսարանում: Ըստ նրա՝ ծրագիրը կարելի է հաջողված համարել:․ « Շատ կարևորում եմ այս կրթամշակութային ծրագիրը, քանի որ այն մեզ հնարավորություն է ընձեռել ներկա գտնվելու համերգներին: Նման միջոցառումներին թեկուզ անվճար ներկա գտնվելը շատ ողջունելի է, քանի որ մեծ է հավանականությունը, որ ուսանողները համերգից հետո շրջապատում կսկսեն խոսել, պատմել իրենց տպավորությունները, և դրա արդյունքում էլ ավելի շատ երիտասարդներ կներգրավվեն ծրագրում»: Նա նաև հավելեց, որ ծրագրին մասնակցելով երիտասարդ սերունդը ոչ միայն ունկնդրում է հայ երաժիշտներին, այլև արտերկրից հրավիրված համաշխարհային երաժիշտներին:
ԵՊՀ մեկ այլ ուսանողուհի՝ Լիլիթ Հովհաննիսյանը կարծում է ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին մոտեցնել և ինտեգրել դասական երաժշտությանը. «Հնարավոր է, որ շատ ուսանողներ ֆինանսական առումով չեն կարող ներկա գտնվել համերգների, իսկ սա շատ լավ նախաձեռնություն է՝ անվճար մասնակցելու դասական համերգների» :

Ուսանողներից Իռենը ուրախությամբ նշեց՝ մասնակցում է դասական երաժշտության համերգների․ «Իհարկե, կա մի ստվար մաս, որ չի հասկանում երաժշտության դերը մեր կյանքում, բայց մյուս մասը շատ ուրախ է, որ այդպիսի ծրագրերին աջակցում են ու հոգևոր սննդով ապահովում: Մանավանդ քննությունների շրջանում ավելի հաճելի է, երբ իրականությունից կտրվում ես որոշ չափով ու վայելում երեկոն ընկերներիդ հետ»:
«Իմ սիմֆոնիկը» կրթամշակութային ծրագիրը դեռ շարունակվում է, և շատ ուսանողներ գրանցվում են ու դառնում ծրագրի մասնակից:
Անահիտ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ



















































