Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը:
Մեր երկրում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը տրամադրվում են 2012 թվականի հունիս ամսից առ այսօր, որոնց զուգահեռ տրամադրվում են նաեւ հին նմուշի անձնագրերը:
«Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանվել էր, որ 2023-ի հունվարի 1-ից դադարեցվելու էր այդ հին անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, սակայն հիմա առաջարկվում է 1 տարի հետաձգել այդ դրույթի իրագործումը: Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձին պաշտոնական էլեկտրոնային փոստ տրամադրել ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ՝ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից եւ 16 տարին լրացած անձանց համար:
Հիմա սահմանվում է, որ մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը պետք է հին անձնագրերը փոխարինվեն նոր նույնականացման քարտերով՝ ID քարտով: Սկզբում կտրամադրեն առանց էլեկտրոնային պահոցի, մինչեւ կառավարությունը սահմանի դրանց տեխնիկական բնութագրերը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչեւ 2023-ի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023-ի փետրվարի 15-ից: Ժամանակավորապես մինչեւ 2024-ի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը մինչեւ նոր տեխնոլոգիաներով ու անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորով փոխարինելը:
Կարդացեք նաև


Քրիստինե Պողոսյանը պատասխանեց, որ անձնապես Ֆիդանյանի դեմ ոչինչ չունի. «Իմ քեֆը բերում է ձեր հետ աշխատել, բայց պետք է մի հատ հասկանանք՝ համակարգը որտե՞ղ է խնդիրն առաջացնում: Մարդը այլ երկրում է, գալիս է, որ արագ իր վարորդական իրավունքը ստանա, պարզվում է՝ մենք քարտ չունենք, ID-ի համար են դիմում, պարզվում է՝ քարտ չունենք, որովհետեւ գնումները ճիշտ չեն կազմակերպվել: Հարազատաբար ու գործընկերաբար ասում եմ՝ մի տեղ մի խնդիր կա»:
Ֆիդանյանը պարզաբանեց, որ ահավոր մեծ ծավալի քաղաքացիության ու փաստաթղթավորման դիմումներ են ստացել այս տարի. «2020-ին, ընդհանուր առմամբ, տրվել է 310 հազար 970 անձնագիր, այս տարի՝ արդեն 643.746, կրկնակի աճ ունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































