Վերաքննիչ քրեական դատարանում է Թուրքիայի երկու քաղաքացիների՝ ազգությամբ քրդերի, երկու իրանցիների գործը:
Նրանց նկատմամբ ընտրվել է որպես խափանման միջոց կալանավորումը, ՀՀ քրեական օրենսգրքի 46-469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանք մեղադրվում են խմբի կազմում, առանց սահմանված փաստաթղթերի եւ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու մեջ. «Սահմանն աննկատ հատելու առավել հարմար տեղանքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, սահմանի երկայնքով հոսող Արաքս գետն անցկացնելու, փշավոր մետաղալարը հաղթահարելու հարմարանքներ տրամադրելու, ինչպես նաեւ տեղանքին ծանոթ չլինելու, հայերեն լեզվին չտիրապետելու հանգամանքով պայմանավորված՝ իրավապահների կողմից հայտնաբերվելու խոչընդոտները վերացնելու, այն է՝ Հայաստանի տարածքով ավտոմեքենայով անվտանգ տեղափոխելու հարցերի շուրջ պայմանավորվածության են եկել Իրանում բնակվող քաղաքացու հետ»: Վերջինիս թիավարած նավակով անցել են Արաքս գետը, հատել Հայաստանի պահպանվող պետական սահմանն ու մուտք են գործել Հայաստան, սակայն սահմանը հատելուց անմիջապես հետո հայտնաբերվել են ՌԴ ԱԴԾ ծառայողների կողմից:
Այս գործով անդրանիկ նիստը հրավիրվել էր փետրվարի 15-ին:
Նրանցից 2-ը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Սեփխանյանի՝ սեպտեմբերի 6-ի դատավճռով 3 տարի 3 ամիս ժամանակով ազատազրկման են դատապարտվել, մեկը՝ 3 տարի ժամկետով, իսկ Իրանի քաղաքացիներից մեկին դատարանի դահլիճից ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության հիմքով, նրան ճանաչել են անմեղ եւ արդար: Ամբաստանյալներից մեկը դատարանում ցուցմունք էր տվել, թե ցանկացել էին Հայաստանով մեկնել որեւէ եվրոպական երկիր: Իսկ մեկի ցուցմունքով էլ՝ իրենք կտրել էին երեք մետաղալար, ինդիկատոր սարքով ստուգել, թե արդյոք հոսանքին միացվա՞ծ է, թե՝ ոչ, իսկ Հայաստան հասնելու համար «խմբի» անդամներից մեկին էր փոխանցվել 100 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 2.800.000 թուման:
Կարդացեք նաև
6 հատորանոց գործը վերաքննիչ դատարանում է, բողոք բերածներից երկուսը՝ ծանր հանցանք կատարողները, որոնք 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման էին դատապարտվել, խնդրել են, որպեսզի նշանակվի մեղմ պատիժ, պատիժն էլ պայմանական չկիրառվի՝ փորձաշրջան կիրառվի: 3 տարով դատապարտվածը՝ ծանր հանցանք կատարողներին օժանդակողը, խնդրում է նոր քննություն, կամ` իրեն նույնպես արդարացնել, հանցակազմի բացակայության հիմքով:
Հոկտեմբերի 26-ից բողոքները քրեական վերաքննիչ դատարանում են, նախագահող դատավորն է Մհեր Արղամանյանը, դատավորները՝ Լուսինե Աբգարյանն ու Գրիգոր Հովհաննիսյանը: Բողոքների քննությունը սկսվեց դեկտեմբերի 8-ին նշանակված նիստով:
Այս գործով ներգրավված են եղել երեք թարգման: Սյունիքի մարզի դատարանն ուշագրավ արձանագրում էր կատարել. «Թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում չի հիմնավորվել, որ վկաների կողմից ամբաստանյալների հետ կատարված բացատրական աշխատանքների ժամանակ ներկա է եղել պարսկերեն, քրդերեն լեզուների իմացությամբ թարգմանիչ, ավելին՝ վկա Ի. Կ.-ն նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներից ինչ-որ մեկը դժվարությամբ կարողացել է բացատրվել ռուսերեն լեզվով, իսկ դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ զորամասի զինծառայողներից մեկը ազգությամբ եզդի է եղել եւ նրա միջոցով են կարողացել հաղորդակցվեն սահմանահատների հետ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ սահմանապահների կողմից տարվող բացատրական գործողությունների ժամանակ թարգմանիչ չի մասնակցել»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2022