Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հասկանանք, որ Արցախում իրավիճակը լարված է, ու մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած. Ռուբեն Վարդանյան. News.am

Դեկտեմբեր 12,2022 10:11 Share

NEWS.am-ը այսօր հնարավորություն է ունեցել մի քանի հարց ուղղել Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին` ինչպես Կաշենում տեղի ունեցած միջադեպի, այնպես էլ նրա վերջին հայտարարությունների վերաբերյալ:

Պարոն Վարդանյան, Դուք եղել եք Կաշենում, երբ խաղաղապահների հետ հանքավայրեր այցելելու համար այնտեղ են եկել ադրբեջանական այսպես կոչված բնապահպանները, հանդիպել և շփվել եք ժողովրդի հետ: Ի՞նչ է տեղի ունեցել:

-Այո, ես այցելել եմ Կաշեն՝ հենց որ տեղեկացել եմ խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական «բնապահպանների» նախատեսվող այցի մասին: Չնայած խնդիրն իմ անմիջական համակարգման դաշտում չէ, բայց հաշվի առնելով, որ բնակչությունը պատշաճ կարգով տեղեկացված չէր և դա կարող էր միջադեպերի պատճառ դառնալ, ես ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հետ մեկնել եմ այնտեղ՝ տեղում լինելու և հավանական սադրանքներ ու կոնֆլիկտ թույլ չտալու համար: Ընդամենը երկու օր առաջ Արցախի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել էի, որ մենք շարունակում ենք գտնվել ռազմական իրավիճակում: Ադրբեջանական կողմի վարքագիծը ցույց է տալիս, որ սադրանքները շարունակվելու են, և մենք ամեն կերպ պատրաստ պետք է լինենք դրանց: Այս միջադեպը հենց դրա մասին է վկայում: Պետք է հասկանանք, որ Արցախում իրավիճակը լարված է, ու մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Դրա համար պետք է կարողանանք ոչ հեշտ հարցերի լուծման համար որոշումների կայացման հստակ մեխանիզմներ սահմանել՝ հաշվի առնելով թե՛ օպերատիվության, թե՛ բնակչության հետ հաղորդակցության ապահովման հարցերը: Նորմալ պայմաններում և իրավիճակներում բնապահպանական խնդիրների քննարկումը հարևան երկրների միջև միջպետական հարաբերությունների խնդիր է: Մենք հայտարարել էինք, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է միջազգային բնապահպանական-փորձագիտական խումբ հրավիրել՝ նաև ադրբեջանական բնապահպանների մասնակցությամբ: Բայց մեր հարևանի կողմից սադրանքները շարունակվում են, ու մենք առավելագույնս պետք է պատրաստ լինենք դրանց՝ կիրառելով համապատասխան միջոցներ: Միջադեպի հետ կապված Արցախի Հանրապետության իրավասու կառույցներն արդեն դիմել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ առաջարկելով հետագայում եռակողմ բնույթ ունեցող ցանկացած գործողություն հանգամանալից քննարկել՝ հաշվի առնելով թե բնակչության հետ պատշաճ հաղորդակցության հարցը, թե իրավիճակի լարվածությունը:

Հիշատակեցիք Արցախի հեռուստաընկերությանը տված Ձեր վերջին հարցազրույցը, որում նաև ասել էիք, որ փոփոխություններն անխուսափելի են, և որ դրանք արդեն զգալի են կառավարության հետ հարաբերություններ ունեցող անձանց և, մասնավորապես, էլիտայի ներկայացուցիչների համար: Կմանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեիք:

-Նկատի ունեի այն, որ սահմանվում են շատ հստակ կանոններ: Օրինակ նրանք, ովքեր պետության նկատմամբ հարկային և վարկային չկատարված պարտավորություններ ունեն, բայց ի վիճակի են դրանք կատարել, պետք է անպայման կատարեն: Այլ տարբերակ չկա: Ես չեմ հասկանում, թե ինչու, օրինակ, ունևորը, որը եկամուտ է ստանում, չպետք է հարկերը վճարի: Միաժամանակ մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ովքեր ունեն նման պարտավորություններ, բայց իսկապես, տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորած, ի վիճակի չեն դրանք կատարել: Սա նկատի ունեի: Գիտե՞ք, Արցախում շատ սուր է արդարության զգացողությունը: Ինձ համար սկզբում անսպասելի էր, որ անվտանգությանը զուգահեռ շատերը, որպես խնդիր, անարդարության հարցն էին նշում: Ես իմ ու իմ թիմի խնդիրներից մեկն եմ համարում հասարակության մեջ արդարության, հավատի, վստահության վերականգնումը: Վստահ եմ, որ դրան հնարավոր է հասնել թափանցիկ աշխատանքով, խնդիրների նկատմամբ համակարգային մոտեցմամբ և կարգապահությամբ: Սրանք նաև այն սկզբունքներն են, որոնք մեր կառավարության գործունեության հիմքում են լինելու:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031