Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը չասեն՝ հո՛պ, չես հայտարարագրել, պատին դեմ տաք, գնդակահարեք». Ըստ փորձագետների, նոր օրենքով մարդկանց սարքում են վազող սկյուռիկներ

Դեկտեմբեր 14,2022 13:38
haytararutyun

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն է ներդրվում: Այսօր այդ թեմայով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, որ նախագծի  արդյունքում քաղաքացիները կգիտակցեն, որ հարկեր են վճարում ու պահանջատեր պիտի լինեն՝ հարկերի բախշման առումով:

Մովսես Արիստակեսյան

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը հարցրեց. «Կա՞ տրամաբանություն վարչական պատասխանատվության մեջ՝ թոշակառուն, որը միջինում ստանում է 40 հազար դրամ, հայտարարագիր չներկայացնելու համար պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի 20 հազար դրամով, իսկ հանրային աշխատողը, որի ամսական եկամուտները հասնում են 2 մլն-ի՝ ընդամենը 50 հազար դրամով, նոտարը՝ 350 հազար դրամ: Խնդրում եմ տրամաբանությունը բացատրեք»:

Արման Պողոսյան

Արման Պողոսյանը պատասխանեց, որ վարչական իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցների նշանակումը, կիրառությունը մի փոքր այլ տրամաբանություն ունի ու բոլոր հանգամանքները ստուգելու պարագայում է կիրառվում՝ դիտավորություն, մեղքերի չգիտակցում եւ այլն: Չսահմանել պատասխանատվություն ճիշտ չէ. «Որքան ռիսկայնությունը տվյալ անձի շուրջ բարձր է, օրինակ, կենսաթոշակառուին չենք կարող համեմատել մի ընկերության բաժնետիրոջ հետ, որովհետեւ երկրորդ դեպքում ավելի հետաքրքիր է, կարող են լինել հարկվող եկամուտներ եւ այլն: Եթե կարծում եք համարժեք չեն, ձեր առաջարկները փոխանցեք մեզ»:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն էլ հետաքրքրվեց՝ կարո՞ղ ձախողվել համակարգը: Արման Պողոսյանը պատասխանեց, որ այլընտրանք չկա պարզապես այս համակարգին. «Հեշտ համակարգ չի, կարող են լինել դժվարություններ, որոնց անխուսափելիորեն բախվելու ենք, բայց չունենալ այս համակարգը, նշանակում է մշակել քաղաքականություններ, որոնք այնքան էլ լավ հասցեավորված չեն թիրախավորված խմբերի մակարդակով»:

Վաչե Գաբրիելյան

Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն իր ելույթում ասաց, որ մինչեւ 2020 թվականը եղել է այս համակարգի ջատագովը, բայց 2020-ից հետո գտնում է, որ այն նպատակահարմար չի այլեւս, քանի որ ունենք համահարթ եկամտահարկ, կոնսոլիդացում հնարավոր չէ, եկամուտների աճ չենք ունենալու ու խնդրահարույց է սա ներդնել: Նա ասաց, որ եթե մարդիկ էլեկտրոնային հասցեներ չունեն, մեկը փակում, մյուսը բացում են, էլեկտրոնային նույնականացում չկա, ծանուցման խնդիրներ են առաջանալու ու մարդկանց պատասխանատվության ենթարկելը արդեն խնդրահարույց է լինելու:

ՓՄՁ ասոցիացիայի ներկայացուցիչ Հակոբ Ավագյանն էլ ասաց. «Այս համակարգը մարդկանց սարքում է անիվի մեջ վազող սկյուռիկների, որոնք անընդհատ պետք է իրենց վաստակած գումարը ծախսեն, հիմնավորեն, որ իրենց մոտ ոչ մի եկամուտ չմնա հետագայում հարկման համար: Մարդ արարածը դառնում է սպառողական միավոր: Մենք ուզո՞ւմ ենք գնանք այդ ճանապարհով, թե՞ մեր զարգացման մոդելն ուրիշ ձեւ ենք պատկերացնում»:

Հակոբ Ավագյան

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադեւոսյանը նշեց, որ կարող է մեկը մյուսին վատություն անելու համար հաշվին 2000 դրամ փոխանցի, հետո ասի՝ պիտի հայտարարագրեիր՝ չես հայտարարագրել. «Տրանսֆերտների հարցը պետք է փակել: Տղան հորը գումար է ուղարկել, սրա անունն ի՞նչ է: Կա՛մ ասում ենք՝ սա եկամուտ չի, հայտարարագրման ենթակա չի, բայց վաղը չասեն՝ հո՛պ, չես հայտարարագրել, պատին դեմ տաք, գնդակահարեք: Ասենք, օրինակ, նախադեպեր կան օրենքի մեջ, ասեք՝ մի անգամ զգուշացրել եմ, չես արել, երկրորդ անգամ տուգանեք: Աստված չանի, մարդուն բան պատահած լինի, հիմա մենք ուզում ենք մարդկանց տուգանե՞նք, թե՞ կայացնենք համակարգը: Եթե ինքը մի ամիս հետո չտվեց, նոր դրեք գնդակահարեք, ասեք՝ դու խախտել ես այս օրենքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031