Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրք դիվանագետը անհանգիստ էր, վերջը ասեց՝ կուզեմ իմանաս՝ I hate you՝ կատեմ». Լիպարիտյանը պատմեց, թե ինչ է պատասխանել թուրքին

Դեկտեմբեր 16,2022 09:41

«Եթե որեւէ նպատակի հետեւից եք գնում, որ անկարելի է՝ ոչինչ կստանաք, եթե կարելիի հետեւից գնաք՝ թերեւս մի բան կստանաք: Մենք որտեղի՞ց ենք սպասում,որ մեր հարցը կլուծվի: Այստեղ կգա Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարցը: Ի՞նչ պետք է մեզ պատահած լինի, որ իմանանք այդ երկրները մեր հետ չեն: Սա չի նշանակում, որ Ռուսաստանից պիտի թողնենք, գնանք ԱՄՆ: Սա նշանակում է, որ մենք չպետք է մեր քաղաքականությունը ձեւակերպենք որպես արեւմտամետ կամ ռուսամետ: Պետք է ձեւակերպենք մեր շահերն ու մեր կարողությունները, մյուսները երկրորդական են»,- դեկտեմբերի 15-ին իր հեղինակած «Հայաստանի երրորդ հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. նյութեր պատմության համար» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը:

Նա հարցրեց՝ որեւէ երկիր մեզ որեւէ բան պա՞րտք է, ասե՛ք. «Երբ ուրիշ երկրներից որեւէ բան ենք խնդրում, պա՞րտք են մեզ, կա՞ մեկը, որ պարտք է մեզ: Ոչ ոք: Նրանք, որոնք այստեղ շահեր ունեն, սովորել են, որ անուշ գործիքներով մեզ կարող են խաբել: Այս «հայասեր» երկրների սինդրոմը մեզ տակավին ուրիշ փորձանքների կտանի: Ֆրանսիան մեզ սիրում է: Երբ 92-ի հոկտեմբերին գնացի Անկարա, սկսեցի Թուրքիայի հետ բանակցությունները, երեկոյան դիվանագետները ճաշի հրավիրեցին ինձ ու շատ անհանգիստ էր, ներվային: Ասեցի՝ ա՛յ մարդ, արդեն 2 բաժակ խմել ենք, քանի՞ բաժակ պիտի խմենք, որ հանգիստ զգաս, միտքդ մի բան կա՞, ասա: Վերջը ասեց՝ այո, կուզեմ իմանաս՝ I hate you՝ կատեմ: Հիմա ինձ էր ատում, թե ձեզ, հստակ չէր, անգլերենում չգիտես եզակի՞ էր, հոգնակի՞: Շատ անսովոր բան էր դիվանագետների համար նման բանը: Ասեց՝ իսկ դու բան չունե՞ս ասելու: Ասեցի՝ հայերենի, թուրքերենի մեջ եզակի, հոգնակի կա, անգլերենի մեջ չկա: Հիմա, երբ որ «you» ես ասում, մտքիդ ի՞նչն է, ի՞նձ ես ատում անձնապես, մեր պետությո՞ւնը, մեր ժողովո՞ւրդը: Ասեց՝ all of you` բոլորիդ: Հարցրեց՝ իսկ դու մեզ, Թուրքիան չե՞ս ատում, ասեցի՝ գիտես ինչ, ո՛չ դու, ո՛չ Թուրքիան այնքան կարեւոր չեք, որ ես սիրեմ կամ ատեմ ձեզ: Ես եկել եմ գործ անենք, նստել ես սիրաբանության մասին ես խոսում: Այդ սիրելու մասը պետք է մոռանանք: Պետք է ակնկալենք հարգանք, բայց հարգանքը կլինի այն ժամանակ, երբ մենք մեզ կհարգենք: Երբ մենք մուրացկանության նման ցեղասպանության ճանաչում կպահանջենք, մուրացկանի  նման ասում ենք մեզ հետ սա է պատահել, եկեք մեզ օգնեք ու մենք մեզ չենք օգնում, դիմացինը կարող  է ժպտալ»:

Լիպարիտյանն ասաց, որ երբ պաշտոնի էր նշանակվել, Ղարաբաղում ու Հայաստանում ամենադժվար բաներից մեկը բացատրելն էր, որ երբ ամերիկացի դիվանագետը ժպտում է ու ասում՝ I understand you, դա չի նշանակում, որ քո կողմն է, կամ քեզ հասկանում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031