Լրահոս
Օրվա լրահոսը

Սա Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատման փորձ է, որը մեկ կամ երկու քայլով չի սահմանափակվելու. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 19,2022 15:47

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Արդեն 8-րդ օրն է, ինչ Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, որի հետևանքով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ կտրված է: Թեև ադրբեջանական աղբյուրները շարունակ վիդեոներ են տարածում, թե ինչպես են խաղաղապահներին պատկանող բեռնատարներն առաջին ապրանքներով լցված անցնում միջանցքով, բայց Արցախից արդեն հայտնել են, որ դրանք Ստեփանակերտ չեն հասնում, դրանք, ըստ էության, նախատեսված են խաղաղապահների և նրանց ընտանիքի անդամների համար: Այդ տեսանյութերը Բաքուն ակտիվ օգտագործում է, որ «ապացուցի», թե Արցախը որևէ կերպ հումանիտար աղետի առջև չէ: Ուստի խորհուրդ կտամ Ստեփանակերտին նաև պաշտոնական մակարդակով անդրադառնալ այս թեմային: Բայց ուզում եմ մի քանի կետով ներկայացնել, թե այս պահի դրությամբ ինչ խնդիրներ ու պահանջներ է դրել Բաքուն և ըստ այդմ՝ ինչ զարգացումներ կարող ենք ակնկալել: Քանի որ իրավիճակը շատ բարդ է և բազմաշերտ, ուստի ուզում եմ փաստերով ներկայացնել, թե ինչ ունենք այժմ՝

1.Բաքուն հստակ խնդիր է դրել մտնել Կաշենի հանք, քանի որ ինչպես բազմիցս գրել եմ, այդ հանքը հանձնվել է բրիտանական ընկերությանը: Ըստ պայմանագրի՝ Բաքուն պարտավորվել է ապահովել բրիտանացիների մուտքը հանք, ինչն էլ հիմա փորձում է իրագործել: Բայց հանք մուտք գործելու թեման խճանկարի շատ փոքր հատվածն է:

2.Բաքվի ղեկավարությունը՝ Ալիևի գլխավորությամբ, բազմիցս խոսել է, որ «նպատակ ունի ինտեգրել» Արցախի հայերին: Նրանք նշում են, որ ՀՀ–ից այլևս ոչինչ չպետք է մտնի Արցախ, քանի որ իրենք ըստ իրենց սահմանադրությամբ կապահովեն այնտեղ ապրող հայերի իրավունքները: Պարզ է, որ սա աբսուրդ է, եթե Բաքուն վերահսկողություն սահմանի Արցախի մնացյալ հատվածի ուղղությամբ, ապա կարճ ժամանակ անց Արցախը կարժանանա Նախիջևանի ճակատագրին: Ալիևի քաղաքականությունը հստակ է՝ «չկան հայեր, չկա խնդիր»: Տասնամյակներով պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը, սաֆարովներն ու այլ դաժան դեպքերը դրա վառ ապացույցն են: Այսինքն՝ այս ակցիան Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատման փորձ է, որը մեկ կամ երկու քայլով չի բավարարվելու:

3.Նախորդ նշածիս ի լրումն, ոչ պակաս կարևոր է՝ Արցախի հայերի նկատմամբ հոգեբանական ճնշման բաղադրիչը: Բաքվի նպատակն է՝ ցույց տալ, որ հայերը անվտանգ չեն՝ անգամ խաղաղապահների ներկայության դեպքում: Սա, փաստացի, հոգեբանական ակաբեկչության ձև է, որի նպատակն է, որ միջանցքը բացվելու դեպքում հայերի մի ստվար զանգված կլքի Արցախը: Դա էականորեն կհեշտացնի Բաքվի պլանների իրագործումը:

4.Ադրբեջանական քարոզչադաշտը շատ է շրջանառում Ռուբեն Վարդանյանի անունը: Իմ տեղեկություններով, նրանք նաև արտաքին լսարանին են ասում, որ խնդիր ունեն Ռուբեն Վարդանյանին դուրս բերել Արցախից, իրենց համար նա անընդունելի մարդ է: Նշում են, որ իրենք պատրաստ են խոսել Ստեփանակերտի հետ, բայց ոչ Վարդանյանի: Այստեղ յուրատեսակ «տրյուկ» կա: Եթե ըստ Ադրբեջանի՝ Ռուբեն Վարդանյանը «ռուսական պրոյեկտ է», ապա նույն Արայիկ Հարությունյանը կամ Արցախի այլ պետական դեմքեր «պատերազմական հանցագործներ» են: Զուտ Վարդանյանին թիրախավորելով՝ Ադրբեջանը փակում է քաղաքական երկխոսության վերաբերյալ հնչող առաջարկները: Սա հստակ քարոզչական գիծ է, որը տարվում է Ադրբեջանի կողմից: Իմ տպավորությամբ՝ Վարդանյանի հետ կապված Ալիևի մտահոգության գլխավոր պատճառը դա Վարդանյանի կապերն են դրսի աշխարհի հետ: Ալիևը բարկանում է, որ Արցախի հարցը կրկին գալիս է ասպարեզ, քննարկվում տարբեր մեդիա հարթակներով, ինչպես որ տեսնում ենք այս օրերին: Ամեն դեպքում, Վարդանյանն ընդամենը պատրվակ է Բաքվի համար, որպեսզի իրենք չգնան որևէ երկխոսության:

5.Հայաստանով, մասնավորապես՝ Սյունիքով ճանապարհ ստանալու հարցը ևս պտտվում է ադրբեջանական մեդիա տիրույթում: Ես նպատակային չեմ ուզում օգտագործել այն տերմինը, որ իրենք են կիրառում, քանի որ դրանով տարածքային հավակնություններ են ներկայացնում ՀՀ–ի նկատմամբ: Բաքուն ամենաբարձր մակարդակով փորձել է հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և ՀՀ–ով անցնելիք Բաքու–Նախիջևան հնարավոր ճանապարհի միջև: Այս ճանապարհի հետ կապված գլխավոր զսպիչ գործոնը եղել և մնում է Իրանը: Մյուս խաղացողները՝ ՌԴ և Արևմուտք, ունեն տարբեր պատկերացումներ, իրար հակասող, բայց մեծ հաշվով բոլորն էլ խոսում են, որ ՀՀ–ն պետք է անխափան կապ ապահովի, ուղղակի ամեն խաղացող իր ձևով է դա ներկայացնում: Իրանը հստակ դեմ է, դա արտահայտվել է ընդհուպ մինչև հոգևոր առաջնորդի մակարդակով՝ ուղղված և՛ Էրդողանին, և՛ Պուտինին: Ավելին, Իրանը նույնիսկ առաջարկել է, որ այդ ճանապարհն անցնի իր տարածքով, բայց Բաքուն դրան առանձնապես ընդառաջ չի գնացել:

Իրանը այս պահին Լաչինի միջանցքի հետ կապված պահպանում է չեզոք լռություն, ինչը բացատրելի է: Պաշտոնական Թեհրանը հայտնել է, որ ճանաչում է Բաքվի վերահսկողությունը ԼՂ–ի նկատմամբ, իսկ իր կարմիր գիծը Իրան–ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն է համարում: Ուստի Թեհրանը դժվար թե խոսի այնքան ժամանակ, քանի Բաքուն ուղիղ կերպով չի վերաբացել ՀՀ–ով անցնող կապի թեման: Բացի այդ տարածաշրջանում լուրջ խմորումներ են ընթանում Իրանի դեմ: Առնվազն հրապարակային լրատվությունից ակնհայտ է, որ Իսրայելը փորձում է Ադրբեջանը դարձնել պլացդարմ՝ ընդդեմ Իրանի: Դրա համար էլ հրեական ներդրումներով իբրև «խելացի գյուղեր» են կառուցվում Իրանին սահմանակից օկուպացված Կովսականում: Բացի այդ, երեկ գրել էի Սաուդյան Արաբիայի թագավորության պատվիրակության այցի մասին Կովսական, որտեղ ևս քննարկվել են ներդրումներ կատարելու վերաբերյալ հարցեր: Ամեն դեպքում, Ադրբեջանը ևս չի ցանկանա դառնալ պլացդարմ՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար՝ հասկանալով դրա հետևանքները: ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպանը վերջերս իսրայելական «Հաարեզ»–ին տված հարցազրույցում բառացի ասել էր, որ իր երկիրը չի դառնա պլացդարմ: Այդուհանդերձ, Իրանը ուշիուշով հետևում է իր սահմանների երկայնքով ընթացող գործողություններին:

6.Ի վերջո, ռուս խաղաղապահների թեման: Խաղաղապահների անգործությունը շատ է նյարդայնացնում մեր հայրենակիցներին, նախ հավանաբար Արցախում, նաև Երևանում: Իհարկե, նրանց կրավորական կեցվածքը ցույց է տալիս, որ դեռևս որևէ հրահանգ չկա: Նրանք ակնհայտորեն խուսափում են բախումներից՝ հասկանալով դրա հետևանքները: Խաղաղապահներին նվաստացնող և հեգնող տեսանյութերի պակաս չկա, ինչն իհարկե շատ է արժեզրկում նրանց գործունեությունը: Բայց եկեք ընդունենք, որ առնվազն այս պահին ռուսական խաղաղապահ առաքելությանը փոխարինող որևէ էական առաջարկ մենք չունենք: Ուստի պետք է հասկանալ, թե ոնց ենք աշխատում այս իրավիճակում: Բաքուն ակնհայտ թիրախավորել է նրանց, բոլոր հանրային հաղորդումները, սոցհարցումները, ամեն քարոզչական քայլ դրա մասին են վկայում: Բաքվի նպատակներից է նաև փոխել իրենց հարաբերությունների տեսակը Մոսկվայի ու խաղաղապահների հետ: Նրանց ընկալմամբ, խաղաղապահները եկել են, որ վերջնականապես իրենց հանձնեն Արցախը, այլ ոչ թե զգան իրենց Արցախի տերեր: Հիմա նաև այդ նպատակն են հետապնդում:

Այս ամենը ես գրել եմ ադրբեջանական քարոզչադաշտի շարունակական ուսումնասիրության հիման վրա: Ընդ որում, արդեն իրենք էլ են հեգնանքով վերաբերվում թվացյալ «բնապահպաններին»: Բայց, ակնհայտ է, որ նրանց հաշվարկով Ստեփանակերտը պետք է վաղուց հետքայլ աներ և թողներ մտնեին հանք, ինչը տեղի չի ունեցել: Փաստ է՝ Բաքուն ունի մի քանի նպատակներ, նաև ակնհայտ է, որ տարածաշրջանում բազմաթիվ խմորումներ են ընթանում և Լաչինի փակ միջանցքը միայն երևացող կողմն է այդ գործընթացի: Անգամ, եթե միջանցքը բացվի մոտ շրջանում, միևնույն է՝ Բաքվի նպատակները չեն փոխվելու և նրանք ունեն դրանց հասնելու մի քանի սցենարներ: Ունե՞նք մենք հակադրվելու ռեսուրս: Ի հեճուկս՝ անելանելության և հանձնվելու քարոզի՝ այո, ունենք: Դրա համար պետք է համառ ու կազմակերպված աշխատել, բայց մեզ հրամցնում են կեղծ ու անկարևոր օրակարգեր՝ թաքցնելով իրականությունը: Ես տեսնում եմ հնարավորությունները, որոնք, ցավոք, արագորեն բաց ենք թողնում: Ամեն դեպքում Ստեփանակերտի համառ դիմադրությունը լրջորեն նյարդայնացնում է Բաքվին և որոշակիորեն խառնում խաղաքարտերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031