Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներն ազատ ելումո՞ւտ են անում Ամասիա․ ազգագրագետի վերլուծությունն ու ուշագրավ տեղեկությունը

Դեկտեմբեր 20,2022 18:20

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն այսօր Գյումրիում ներկայացրեց Շիրակի և Լոռու մարզերի բնակչության վերարտադրության համեմատական վերլուծությունը, որը կատարել է վերջին 33 տարվա կտրվածքով։

«Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական, էթնո- մշակութային, քաղաքական գործընթացներն անմիջական ազդեցություն են թողել Շիրակի և Լոռու մարզերի բնակչության թվի շարժընթացի փոփոխության վրա։ Պետական սոցիալական և տնտեսական-ժողովրդագրական քաղաքականության արդյունքում երկու մարզերը հայտնվել են ժողովրդագրական աղետալի վիճակում։

Թե՛ անվտանգության՝ բանակի կայացման հարցով, թե՛ տնտեսության անկախության հարցով, թե՛ ժողովրդակագրական, այս բոլոր ոլորտներում աղետալի վիճակի մեջ ենք»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ 30 տարուց ավել զբաղվել է այս հարցով, անընդհատ նախազգուշացրել սպասվող վատ վիճակի մասին։

«Եկել, հասել ենք այնտեղ, որ արդեն ոչ թե Արցախի կորստից ենք խոսում, այլ Սյունիքի կորստի հարցն է դրված։ Արցախ չկա, Սյունիք չկա, Հայաստան էլ չկա, և սա նույնպես պայմանավորված է ժողովրդագրական գործոնով․ եթե Հայաստանի Հանրապետությունն ունենա 5 միլիոն բնակիչ, Արցախն ունենա 500 հազար բնակիչ, մի սանտիմետր տարածքային կորուստ մենք չենք ունենա, որովհետև դա մարդկային ռեսուրս է, ներուժ է, կարող ենք դիմակայել։

Մենք ոչ թե զենքի խնդիր ունենք, տնտեսական խնդիր ունենք, առաջին հերթին մարդկանց խնդիր ունենք։ Ներկայացվող պաշտոնական ժողովրդագրական տվյալները, մյուս կողմից էլ հավաքագրված դաշտային, էթնոաշխարհագրական նյութերը դրա վառ ապացույցն են։ Մտահոգողն այն է, որ հասարակությունն ավելի ցավոտ է տանում Արցախի տարածքային կորուստները, քան մարդկային»,-ասաց ազգագրագետը։

Արտաշես Բոյաջյանն ասաց, որ վերջին 33 տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետությունը կայուն զարգացման պայմաններում պիտի ունենար 5 միլիոն բնակիչ, սակայն փաստացի, պաշտոնական տվյալներով՝ այսօր ունենք 2,5 միլիոն բնակիչ, թեև իրականում 2 միլիոն էլ չկա։

Նա աղյուսակներ ու թվային վերլուծություններ ներկայացրեց՝ Շիրակի և Լոռու մարզերի բնակչության 1988-2021 թթ․-ն ընկած ժամանակահատվածի բացարձակ թվի վերաբերյալ։ Մասնագետը նշեց, որ բացարձակ թիվը իրական թվի հետ կապ չունի, վերցնում ես 1988 թվականի բնակչության թիվը համեմատում 2021 թվականի թվի հետ։

Այսպես՝ Շիրակի մարզում 1988 թվականին բնակչության բացարձակ թիվը եղել է 364 հազար 500, 2021 թվականին՝ 231 հազար։ Շիրակի մարզում քաղաքային ու գյուղական բնակչության թվի շեշտակի անկում չի ունեցել։

Լոռու մարզում 351 հազար բնակչություն է եղել 1988 թվականին, 212 հազար՝ 2021 թվականին։ Այսինքն` Լոռու մարզում բնակչության թվի անկման տեմպն ավելի բարձր է եղել, քան Շիրակի մարզում։ Քաղաքային բնակչության թիվը 230 հազարից նվազել է 125 հազար, իսկ գյուղական բնակչությանը 121 հազարից նվազել, հասել է 87 հազարի։

Շիրակի և Լոռու մարզերի բնակչության թիվը 716 հազար 200-ից նվազել հասել է 443 հազար 600-ի։

Ըստ նրա, մինչև 2005 թվականը բնակչության թվի աճման որոշակի միտումներ եղել են, սակայն 2005 թվականից սկսած անընդհատ նվազում է տեղի ունեցել։

Արտաշես Բոյաջյանը խոսեց նաև 1988 թվականին բնակչության թվի անկման հիմնական պատճառի՝ երկրաշարժի մասին։ Նա ասաց, որ թեև պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը 25 հազար էր, սակայն դա իրական չէ, ավելի շատ էր։

Ըստ նրա, տարբեր ուսումնասիրություններ են եղել, օրինակ՝ «Վաշինգտոն փոստը» հրապարակել է, որ զոհերի թիվը 55 հազարից ավելին է։

Մարդկային ամենամեծ կորուստը գրանցվել է Գյումրի քաղաքում։ Այսպես Շիրակի մարզում բնակչության թիվը նվազել է 45 հազարով, Լոռու մարզում 87 հազար, ընդհանուրը՝ 132 հազարով։

Ըստ նրա, երկրաշարժի ժամանակ նաև էվակուացիա է իրականացվել, բնակչության մի մասին տեղափոխել են Հայաստանի Հանրապետության տարբեր տեղանքներ, մի մասին էլ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններ։ Սա ևս պատճառ է դարձել բնակչության թվի անկման, մի մասը չի վերադարձել։

«Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բնակվում էին թուրքեր, պաշտոնական տվյալներ պիտի ասեմ․ Ցարական Ռուսաստանի մարդահամարի պաշտոնական վիճակագրության մեջ ադրբեջանցի էթնոս, որպես այդպիսին չի նշվել։

Առաջին անգամ էթնիկ կազմը նշվել է Խորհրդային Միությունում 1926 թվականի մարդահամար տվյալներով, այնտեղ ադրբեջանցի ներկայացուցչությունը նշվել է որպես թուրք։ 1939 թվականի մարդահամարի տվյալներով՝ պաշտոնական վիճակագրությամբ, իսկ դա գրանցվում է որպես պետական ռեգիստր, նոր հիշատակվել է ադրբեջանցի։ Դրանք եղել են թուրքալեզու ցեղեր, չեմ էլ ասում ժողովուրդներ»։

Արտաշես Բոյաջյանը այս վիճակագրության ֆոնին մի ուշագրավ փաստ հրապարակեց։

Նա նշեց, որ ամռանը Ամասիայում՝ բանավահաքություն իրականացնելիս գյուղապետարանի աշխատակիցներից մեկն ասել է, թե քիչ չեն այն ադրբեջանցիները, որոնք ազատ գալիս-գնում են Ամասիա, գալիս են այցելության իրենց ծնողների գերեզմանին։

«Այսինքն որոշ մարդիկ, որ ասում են խաղաղության դարաշրջան ենք բացելու, գիտեն մեր վիճակը լավանալու է, ավելի կվատանա, որովհետև այդ մարդկանց սերունդներն ազատ հնարավորություն կստանան վերադառնալու Հայաստան,և էթնո-ժողովրդագրական պատկերը կփոխվի։ Ադրբեջանի բնակչության թիվը 12 միլիոնից ավել է, եթե Հայաստանի բնակչության բնական աճը 10-14 հազար է, ապա Ադրբեջանինը՝ 140-150 հազար է կազմում։ Ադրբեջանի բնակչության թիվն ամեն 10 տարին մեկ-մեկ միլիոնով ավելանում է, Թուրքիան էլ 90 միլիոն է։ Այստեղից հետևություն պետք է անենք, թե ոնց պիտի այդ հարցերին դիմակայենք, որովհետև մեր այսօրվա գերխնդիրն է ավելացնել երկրի անվտանգությունը»,-ասաց Արտաշես Բոյաջյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031