Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը` Լաչինի միջանցքի մասին․ «Խաղաղապահների հայտարարություններն ու ԶԼՄ-ի հաղորդումները ցույց են տալիս, որ մարդասիրական որոշ ապրանքներ եւ պարագաներ հնարավոր է եղել տեղափոխել»

Դեկտեմբեր 21,2022 01:35

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության դիմումը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Զեկուցող Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Ամերիկայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան հայտարարեց՝ կողմերը շարունակում են իրար մեղադրել հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Յենչայի խոսքով՝ չնայած ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող միջադեպերին, ընթացիկ դիվանագիտական ջանքերում առաջընթացի հույսի նշույլ է ի հայտ եկել այն բանից հետո, երբ սեպտեմբերի կեսին բորբոքվել էր բռնությունը։

Նա հիշեցրեց հայկական եւ ադրբեջանական կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների, երկու երկրների ղեկավարների հանդիպումները, նշեց, որ Սոչիում Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեցին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից․ «Առաջնորդների մակարդակով քննարկումներից բացի, արտաքին գործերի նախարարների եւ փոխվարչապետերի մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել վերջին ամիսներին։ Կողմերը քննարկել են խաղաղ կարգավորման տարբեր տարրեր, այդ թվում՝ սահմանագծման եւ սահմանազատման հարցերը, մասնավորապես՝ միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքի հարցեր»։

Ըստ զեկուցողի, չնայած խոստումնալից դիվանագիտական շփումներին, լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին եւ ռուս խաղաղապահ վերահսկողության տակ գտնվող տարածքներում հույս չեն ներշնչում, քանի որ տարբեր միջադեպեր են գրանցվել։ «Վերջերս լարվածությունը ավելացել է։ Դեկտեմբերի 12-ին տեղեկություններ ստացվեցին, որ ռուս խաղաղապահների հենակետի մոտակայքում՝ Լաչինի ճանապարհի վրա բողոքի ցույցեր են սկսվել։ Այդ ճանապարհը կենսական ճանապարհ է տարածքում ապրող մարդկանց համար։ Ստացված տեղեկությունների համաձայն, այդ բողոքի ցույցերն ուղղված են նրան, ինչն իրենց պնդմամբ, հանքային պաշարների անօրինական շահագործում է եւ դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ ՄԱԿ-ը ներկայացված չէ Լաչինի միջանցքում, ռուս խաղաղապահների լիազորությունների ներքո գտնվող տարածքում, ուստի ՄԱԿ-ն ի վիճակի չէ ստուգել կամ հաստատել տարբեր պնդումները եւ մեղադրանքները։ Մենք հասկանում ենք, որ մեր այս հանդիման ժամանակ ցույցերը շարունակվում են։

Վերջին օրերին Հայաստանն ու Ադրբեջանը նամակներ են հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին՝ այս վերջին իրադարձությունների վերաբերյալ՝ պնդելով, որ հակառակ կողմի ներկայացուցիչները խախտում են համաձայնությունները եւ կասկածի տակ են դնում դիմացի կողմի պնդումները։ Կողմերը տարբեր կերպ են պատմում իրավիճակի զարգացումները, ներկայացնում իրավիճակը։ Երկու կողմերը միմյանց մեղադրում են եռակողմ հայտարարությունը խախտելու համար։ Լրատվական հաղորդումներն ու ռուս խաղաղապահների հայտարարությունները ցույց են տալիս, որ մարդասիրական որոշ ապրանքներ եւ պարագաներ հնարավոր է եղել տեղափոխել։ Շատ կարեւոր է, որ կարիքի մեջ գտնվող անձինք կարողանան ազատ տեղաշարժվել եւ ստանան հիմանական ծառայությունները։ Այս առումով մենք ողջունում ենք ռուսական խաղաղապահների առաքելությունը՝ ապահովելու եւ հնարավոր դարձնելու միջանցքով անվտանգ անցումը»։

Միրոսլավ Յենչան հայտարարեց՝ հակամարտության վերսկսումը կարող է ազդել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների վրա, այլ նաեւ, հավանաբար, կարող է ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա եւ դրանից դուրս․ «Միջազգային հանրությունը պետք է նման բան թույլ չտա։ Կողմերը պարտավոր են հետեւել իրենց հանձնառություններին եւ լիարժեք կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայնությունը հրադադարի վերաբերյալ, ինչպես նաեւ կրկնապատկել դիվանագիտական ջանքերն՝ ուղղված խնդրի միջնորդված տեւական խաղաղ լուծմանը, քանի դեռ չափազանց ուշ չէ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031