Դեկտեմբերի 21-ին, ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի եւ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպմամբ, Աթենքում՝ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի առջեւ (Հունաստանի խորհրդարանի հարեւանությամբ), տեղի ունեցավ ժողովրդային բողոքի հավաք՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։
Մեծ թվով հայրենակիցների կողքին ներկա էր նաեւ կրոնական դասը՝ թեմակալ առաջնորդ Գեղամ արք․ Խաչերյանի գլխավորությամբ։ Նրա կողքին էին Հայ ավետարանական համայնքի հովիվ վերապատվելի Վիգեն Չոլաքյանն եւ Կոկինիայի հոգեւոր հովիվ Պարետ քհն. Խաչերյանը։ Ժողովրդային բողոքի հավաքին ներկա էին Ազգային վարչության անդամները, Հունաստանի Կապույտ Խաչի, Հ.Մ.Ը.Մ.-ի եւ Համազգայինի շրջանային եւ տեղական վարչությունների անդամները։ Զգալի էր Հ.Յ.Դ. Պատանեկան եւ Երիտասարդական միությունների անդամների ներկայությունը, որոնք Արցախի ու Հայաստանի դրոշներով, պաստառներով իրենց ընդվզումն էին արտահայտում Արցախի բնիկ ժողովրդին մարդասիրական մեծ աղետի դատապարտելու, Արցախը շրջափակելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը։
Հ.Յ.Դ. Երիտասարդական միության ներկայացուցիչները, բողոքի ցույցի մասնակիցների անունից, պահանջեցին եվրոպական ատյանների անմիջական միջամտությունը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի (Լաչին) միջանցքը, ինչպես նաեւ ստեղծել Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։ Եվրոպական խորհրդի պատվիրակությանը գրավոր փոխանցվեց Եվրոպական միության միջամտության հունահայության պահանջները։
Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով վերտառեցին «SOS» բառը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: