Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենթարկվողներին «գրպանային» իրավապահ համակարգի միջոցով սաստում են». Ավետիք Իշխանյան

Դեկտեմբեր 26,2022 18:01

«Սա նույն շարքի մեջ է, որ ժամանակին կատարվեց դատավորների նկատմամբ, օրինակ՝ Դավիթ Գրիգորյանի, հետագայում այլ դատավորների նկատմամբ նույնպես, այդ թվում՝ Ռուբեն Վարդազարյան, Բախշիյան: Այսինքն` այն դատավորները, որոնք պատվեր չեն կատարել, նրանց մեղադրանքներ են առաջադրվել: Հաջորդը՝ համայնքապետերն են՝ Առուշ Առուշանյան, Վարդենիսի ընտրված համայնքապետ, Վանաձորի, Քաջարանի եւ այլն: Ովքեր չեն ենթարկվել եւ պայքարել են՝ կան քրեական գործեր նրանց նկատմամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Վ. Բրյուսովի անվան համալսարանի վերաբերյալ դատախազության եւ ՊՎԾ-ի հաղորդումներին:

Իրավապաշտպանը շարունակեց թվարկումը. «Այս համատեքստում ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին առանձին չեմ ուզում խոսել, որովհետեւ նրանց թիվը հարյուրների է հասնում… Հիշում եք՝ ինչպես վարվեցին ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հանդեպ, հիմա էլ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյան… Այս ամենը, ինչպես արդեն նշեցի, ընդհանուրի մեջ պետք է դիտարկել, այսինքն` չենթարկվող գործիչներին, պետական հիմնարկների ղեկավարներին «գրպանային իրավապահ համակարգի միջոցով սաստում են, քրեական գործեր են հարուցում…»:

Ավետիք Իշխանյանն ընդգծում է. «Ես համոզված եմ, որ եթե իմ թվարկած մարդիկ ինչ-որ իմաստով կոռուպցիայի մեջ եղած լինեին, չէին դիմադրի իշխանությանը, որովհետեւ կիմանային, որ իրենց տակը կեղտոտ է, ինչպես օրինակ Մնացական Մարտիրոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արթուր Դավթյանի եւ այլոց դեպքում է…Վերջիններս հայտնի կոռուպցիոներներ են, բայց նրանց հանդեպ որեւէ բան չեղավ, քանի որ ստրկամտորեն ծառայեցին իշխանությանը:

Մինչդեռ հստակ է, որ պայքարողները վստահ են իրենց մաքրության վրա: Ինչ վերաբերվում է Բրյուսովի անվան համալսարանին, ի վերջո ողջ համալսարանը պայքարեց իբր միավորման, բայց իրականում բուհի ոչնչացման դեմ: Սա չէր կարող հանդուրժել բռնապետիկ վարչապետ կոչվածը: Դրա համար իր գրպանային դատախազության միջոցով, այն դատախազի, որը նրա խորհրդական եղած ժամանակ քրեական գործեր էր կազմում քննիչների համար, հանձնարարել է քրեական գործ հարուցել: Ամենահետաքրքրականն այն է, որ Հայաստանում այս բոլոր գործերում 2018թ.-ից սկսած խախտվել է անմեղության կանխավարկածը: Մարդկանց միանգամից մեղադրում են, մեղադրանքները դնում են, հետո արի՝ տակից դուրս արի, մինչդեռ համոզված եմ, որ որեւէ դատավճիռ չկա:

Նույնն էլ կատարվելու է այս դեպքում: Քրեական գործը հարուցվեց, մեղադրանքը կառաջադրվի, հավանաբար ռեկտորին կկալանավորեն, հետո որոշակի ժամանակ անց գրավով ազատ կթողնեն, նոր ռեկտոր կնշանակեն, բուհը կքայքայեն, քրեական գործը կձգձգվի, ոչ մի բան էլ չի լինի, որովհետեւ իրականում ոչ մի քրեական գործ էլ չկա»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ բոլորին նույն ճակատագիրն է սպասվում, սակայն մարդիկ չեն միավորվում հանուն ընդհանուր գործի. «Խոսքը վերաբերվում է նաեւ քաղաքական ընդդիմությանը: Օրինակ, երբ նույն Արամ Սիմոնյանի կամ համայնքապետերի ու դատավորների հետ այդպես էին վարվում, քաղաքական ընդդիմությունը պետք է կանգներ նրանց կողքին, բայց դա ընդդիմության օրակարգում չէր եւ չէ: Ես համարյա համոզված եմ, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորը նույնպես մենակ կմնա, մենակ կմնա նաեւ, իմ կարծիքով, իհարկե շատ կուզենայի սխալված լինել, բուհի անձնակազմի կողմից»:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ այս իրավիճակը հիշեցնում է 1930-ական թվականների մղձավանջը. «Երբ թերթում ես այն ժամանակվա մամուլը, համարյա մեկը մեկին նույն ձեւով կրկնվում է հիմա՝ Բակունց, Չարենց, այլ նշանավոր անձինք: Այդ ամենը այն ժամանակ հրապարակվում էր «Խորհրդային Հայաստան» թերթում: Հիմա այդ դերը կատարում է «Հայկական ժամանակը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031