Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վտանգ կարող է առաջացնել Ռուբեն Վարդանյանը՝ Ադրբեջանի համար. փորձագետներ

Դեկտեմբեր 26,2022 18:55

«Վտանգ են տեսնում: Մարդն ունի կառավարչական փորձ, ունի ռեսուրսներ, ունի պոտենցիալ, ունի կապեր դրսում. սա վտանգ է Ադրբեջանին, քանի որ իրենք լավ հասկանում են, որ այս ամենով Ռուբեն Վարդանյանը կարող է վտանգներ առաջացնել իրենց քաղաքականության համար»,- «Մեդիա կենտրոնում» այսօր կայացած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր. «Այսօր մեր տարածաշրջանում օտար տարրեր կան։ Նկատի ունեմ Ռուբեն Վարդանյանին։ Նրա գործունեությունը կրում է հանցավոր եւ արկածախնդիր բնույթ։ Կարծում ենք, որ սրան պետք է վերջ դրվի։ Որքան արագ այս անձը հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի իր համար։ Նա առաջին հերթին վնասում է տեղի բնակչությանը, նրանց վերաինտեգրմանը, քանի որ մինչև նրա հայտնվելն արդեն դրական շփումներ են եղել, և կարծում եմ՝ նրա գործոնը վնասական և ապակայունացնող ազդեցություն ունի»:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի գնահատմամբ էլ, շատ հայեր կան, ովքեր Ադրբեջանի համար համարվում են անցանկալի անձ, դրանցից մեկը Ռուբեն Վարդանյանն է. «Նա ՌԴ-ից եկել է Արցախ, որն Ադրբեջանը համարում է իր մաս եւ Ադրբեջանից չի հարցրել, ուստի, շատ այլ գործիչների նման, ովքեր այցելել էին Արցախ, հայտնվել է ադրբեջանական «սեւ ցուցակներում»: Ադրբեջանը նշում է, որ Արցախ պետք է գնան այն մարդիկ, ում համաձայնություն է տալիս ադրբեջանական իշխանությունը եւ վերջին 30 տարում այդպիսի մարդիկ եղել են»:

Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի հիմնական օրակարգը՝  Արցախի անեքսիան, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը եւ այլն, սպասարկելու համար, Ռուբեն Վարդանյանը կարող է լուրջ խանգարող հանգամանք հանդիսանալ. «Որքան էլ խոսենք ռուս խաղաղապահների թերացումների մասին, ՌԴ-ն չէր համաձայնվի, որ Ադրբեջանը զորքով մտներ եւ գրավեր իր վերահսկողության տակ գտնվող տարածքը: Բայց, Ադրբեջանն ըստ էության էլի նույն բանն է արել՝ այլ փաթեթավորմամբ. «մենք էկոտեռորի դեմ ենք պայքարում», ինչը կարող է լուրջ վնասել Արցախի տնտեսությանը, Ռուբեն Վարդանյանի դեմ են պայքարում, որի հեռանալն էլի էապես կարող է վնասել Արցախին այս պահին»: Այսպիսով, ըստ բանախոսի, ադրբեջանական կողմը փորձում է նաեւ սպառել Արցախի՝ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ունենալու հարցը եւ համեմատաբար դյուրացնել իր նպատակին հասնելու ճանապարհը:

Նա նկատեց, որ Հայաստանում էլ տարբեր քննարկումներ կան Ռուբեն Վարդանյանի մասին ու հավելեց. «Ինքներս էլ չենք հասել այնպիսի իրականության, որտեղ մեզ համար ամենամեծ վտանգը Արցախը ՌԴ-ի կազմում լինել-չլինելն է: Մենք կանգնած ենք այն օրհասական կետին, որ հենց այս պահին Արցախը չհայաթափվի ու չլինի Ադրբեջանի մաս: Մենք դեռ այս խնդիրը չլուծած՝ քննարկում ենք Արցախը ՌԴ-ի կազմում լինել-չլինելը. սա ծիծաղելի է, ավելի ճիշտը՝ ողբալի է»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը՝ Արցախում՝ Ռուբեն Վարդանյանի ներկայության՝ իր համար անընդունելիության մասին խոսեց նաեւ ՄԱԿ-ի ամբիոնից:

Անդրադառնալով էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով հանդիպմանը չմասնակցելուն եւ ՌԴ ԱԳ նախարարի կողմից նետված թեզին, թե հանդիպմանը չմասնակցելը քննարկումից խուսափելու, փորձ էր, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն ասաց, որ հարցն այդպես ինքը չի դիտարկում:  Նա այն կարծիքին է, որ քանի դեռ Արցախյան հարցում հայկական կողմը չի հայտնել այնպիսի դիրքորոշում, որը բավարարում է Ադրբեջանին, նմանատիպ քննարկումներն արդյունք չեն կարող տալ:

Վկայակոչելով ՄԱԿ-ում Բերձորի միջանցքի փակման շուրջ քննարկումները, փորձագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՄԱԿ-ում էլ ռուսական կողմը հայտարարեց, որ խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը, ուստի, ոչ ոք իրենցից այդ առումով «հաշիվ պահանջել», ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է հրապարակել, բայց փորձը ցույց տվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում օրակարգային հարց չի եղել, քանի որ որոշում չի կայացվել եւ ՄԱԿ-ի ԱԽ նիստից, այնտեղ հնչած կոչերից հետո էլ իրավիճակը Բերձորի միջանցքում չի փոխվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031