Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխան կտա հայ ազգի նկատմամբ արդեն իրականացված և ներկայումս ծրագրավորվող ոճրագործությունների համար. Հայոց ցեղասպանության թանգարան

Դեկտեմբեր 27,2022 18:55

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ հիմնադրամի հայտարարությունը

2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով՝ չկան հայեր, չկան խնդիրներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ: 2020 թ. արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արած հրապարակային հայտարարությունները հստակորեն վկայում են Հայաստանի Հանրապետության, ներառյալ մայրաքաղաք Երևանի նկատմամբ առկա տարածքային հավակնությունների մասին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոգևորված է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված Ադրբեջանի նշանակության աճով, այդ թվում՝ ադրբեջանական, և Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի միջազգային շուկաներ արտահանման աճող հնարավորություններով: Թերևս Բաքվում կարծում են, որ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը կստիպեն աչք փակել Արցախի հայության նկատմամբ ցեղասպանական գործողությունների իրականացման և Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծման վրա:

Սակայն վերջին ավելի քան հարյուր տարիների փորձը միանշանակ վկայում է մեկ բանի մասին. ցեղասպանություն և ցեղասպանական գործողություններ իրականացնողները կրել են իրենց արժանի պատիժը: Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս պատասխան կտա հայ ազգի նկատմամբ արդեն իրականացված և ներկայումս ծրագրավորվող ոճրագործությունների համար, իսկ Արցախի Հանրապետության հայությունը, չնայած առկա անասելի դժվարություններին, կշարունակի ապրել և արարել իր պատմական հայրենիքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031