Հռոմի կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է 2021թ. մայիսից սկսած, այնուհետև 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Կառավարությունը հավանության արժանացրեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հետադարձորեն ճանաչելու և վավերացնելու օրենքի նախագծի փաթեթը։ ՀՀ-ն այս կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ այն չի վավերացվել։
«Կանոնադրության նպատակն է Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը, որը պետք է քննի կանոնադրությամբ նշված առավել ծանր հանցագործությունները բացառելու համար այդ հանցագործությունները կատարած անձանց անպատժելիությունը և նպաստելը այդպիսի հանցագործությունների կանխմանը»,-ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է հանցագործությունների շրջանակը՝ ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը։ Մինասյանի խոսքով, այս որոշումով Հայաստանը կկարողանա տարածել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը պատերազմական հանցագործությունների վրա։
Կարդացեք նաև
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման բարձր ռիսկի պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար։


Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ



















































