Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում։
Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactylus Eschscholtz, 1823) Սևանա լիճ է ներմուծվել 1980-ական թվականների վերջին և, գտնելով իր գոյության համար նպաստավոր պայմաններ, դարձել է արդյունագործական օբյեկտ։ Սակայն խեցգետնի թվաքանակը տարեցտարի կրճատվում է պաշարների վատ կառավարման և պոպուլյացիայի շրջանում տարածված հիվանդությունների հետևանքով։
Խեցգետնի ընդհանուր զանգվածը Սևանա լճում 2021թ․ կազմել է մոտ 78 տոննա, որից Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 60գ, Փոքր Սևանում՝ 653 գ։ 2020թ. համեմատ պաշարները նվազել են 27 տոննայով։ 2020թ․ Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 220գ, Փոքր Սևանում՝ 1,5 կգ։
Խեցգետնի պոպուլյացիայի անկման պատճառներից է անօրինական որսը: Սևանա լճում շարունակվում է խեցգետնի անօրինական որսը, որի ընթացքում օգտագործվում են զսպանակավոր և չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ։ Չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ են օգտագործվել Շորժայի, Ծովազարդի և Ծովինարի տարածքներում, որտեղ որսաբաժնում ոչ արդյունագործական, փոքր կենդանիների թիվը կազմել է 44-87 տոկոս։ Զսպանակավոր որսագործիքներում ոչ արդյունագործական չափի կենդանիների մասնաբաժինը տատանվել է 25.6-59 տոկոսի սահմաններում։ Զսպանակավոր խեցգետնորսիչների միջին որսունակությունը (գ/օր) Փոքր Սևանում 2020թ․ համեմատ նվազել է մոտ երկու անգամ։

Կարդացեք նաև
2018թ-ից խեցգետնի թվաքանակի կտրուկ անկման պատճառներից է նաև պոպուլյացիայում սկսված ժանգախտ քրոնիկ սնկային հիվանդությունը, որն ակտիվորեն զարգանում է գյուղատնտեսական և կենցաղային հոսքաջրերով աղտոտված ջրակալներում։

Սևանա լճի խեցգետնարդյունավետությունը վերականգնելու նպատակով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկել է պատկան մարմիններին հրատապ միջոցառումներ իրականացնել, մասնավորապես, արգելել խեցգետնի որսը լճում և պայքարել որսագողության դեմ, արգելել խեցգետնի վաճառքը երկրի ներսում և արտահանումը երկրի սահմաններից դուրս:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 10.01.2023թ.



















































