44-օրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում՝ Ջրականում, Հադրութում, Վարանդայում, թշնամու դեմ մարտնչած Հարություն Ֆահրադյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր: Նախնական կրթություն ստացել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա՝ 2015 թվականին ընդունվել է Թալինի տարածաշրջանային պետական քոլեջի ծրագրավորման բաժին:
2019 թվականի հունվարի 17-ին էր զորակոչվել բանակ՝ ծառայության անցնելով Ջրականում: Ծառայակից ընկերների խոսքերով՝ ի սկզբանե նրան բոլորը հարգել ու սիրել են, շատ հեշտ է ադապտացվել ծառայությանը: Հարութի հետ ծառայած տղաները զորացրվելուց հետո էլ իր մասին մեծ հիացմունքով ու ոգեւորությամբ էին խոսում: Պատմում են, որ հենց ծանրոց էր ստանում, բոլորին բաժանում էր, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի կարիք ուներ, շատ էր օգնում: Նրանց հավաստմամբ, դիրքում էլ օգնում էր բոլորին, բոլորին հասնող տղա էր, չէր մտածում մի ժամ ավել քնելու, հանգստանալու մասին:
Քչերին է հաջողվում միշտ լինել լավագույնների շարքում, Հարութը հենց այդպիսին էր: Դրա մասին էին փաստում կրակայինների ժամանակ լավ արդյունքների ցուցաբերումը, դիրքերում գտնվելիս չափազանց զգոնությունը, պատասխանատվության զգացումը, նվիրումով ու եռանդով ծառայելը:



Ծառայակից ու մարտական ընկերը՝ Արմանը, պատմում է. «Հարութը հայրենասեր էր, սկզբունքային, հավատով, բոլորիս ինքն էր «դուխ» տալիս, պատերազմի առաջին օրվանից մի ուրիշ ձեւ էր տրամադրված՝ ոգին անկոտրում էր»: Հիշում է՝ Հարութը կարծես միշտ իր մտքերը կարդար, հասկանում էր, թե ինչ է մտածում. «Որպես ընկեր յուրահատուկ էր, շատ պահեր են եղել, որ հույսս կորցրել եմ, մտածել եմ՝ վերջն է, բայց ինքն ինձ ուժ էր տալիս, միշտ աղոթում էր, ասում էր՝ հավատով եղիր: Կենսուրախ մարդ էր, որքան էլ տխուր լինեիր, ինքը ժպտում էր, դու լրիվ փոխվում էիր»: Բոլորն են հիշում՝ մեծ էր Հարութի հավատը առ Աստված: Հարությունի մայրը պատմում է՝ պատերազմի օրերին զանգերից մեկի ժամանակ տղային հարցրել էր՝ «Հարութ, չե՞ս վախենում, առաջին գիծ, թուրքերը…», որդին պատասխանել է՝ «Չէ, մերս, ի՞նչ կա վախենալու, Աստված իմ հետ ա, հանգիստ եղեք, մենք էստեղ ենք, որ դուք հանգիստ քնեք»:

Հարութի վերջին մարտերը Վարանդայում էին: Մարտական ընկերների համար դժվար է բառերով ներկայացնել այն արհավիրքը, ինչի միջով անցել են: Նրանք տեսել են Հարութի քաջությունը… Հոկտեմբերի 21-ին՝ թեժ կռվի ժամանակ, տեսնելով, որ մարտական ընկերը՝ Գոռը, վիրավոր է ու օգնության կարիք ունի, անտեսելով կյանքին սպառնացող վտանգը, առանց վարանելու, թշնամու ուղիղ կրակի տակ նետվել է ընկերոջը օգնության՝ ասելով. «Գոռին պիտի հանենք, առանց Գոռի էս հատվածից դուրս չեմ գա»: Չնայած Հարութն առաջին կրակոցից վիրավորվել է, սակայն չի ենթարկվել սպա Նաիրի Նաջարյանի՝ վերադառնալու կամ տեղում մնալու հորդորներին՝ պատասխանելով, որ ինքը լավ է, ամեն ինչ նորմալ է, պիտի շտապի ընկերոջը օգնության: Ավա՜ղ, իրեն ուղղված երկրորդ կրակոցը եղավ ճակատագրական: Ընկավ Հարութը… հանուն ընկերոջ կյանքի, հանուն մեզ՝ բոլորիս, հանուն հայրենիքի փրկության վեհ գաղափարի: Իր կատարած անձնվեր քայլը լավագույնս արտացոլում է մեծ սերը առ հայրենիք: Դա եղավ Հարութի մղած քաջ կռվի ավարտն ու հավերժական կյանքի սկիզբը: Ամեն մարդ չէ, որ նման քայլի կգնար, ամեն մարդու բնորոշ չէ: Միայն արին, քաջը, միայն Հերոսը կարող է զոհաբերել: Զինակից ընկերները հպարտությամբ են հիշում, որ Հարութի նման անձնվեր ընկերոջ հետ են կռվել: Մոր հետ վերջին խոսակցությունը հայտարարված կարճատեւ հրադադարի ժամանակ էր, մայրը ասում է՝ «Հարիս «դուխը» կար, ես էլ իրեն քաջալերում էի, ասում էի՝ չվախենաս, Աստված քո հետ ա», Հարութն էլ՝ «Աստված բոլորիս հետ ա, մերս»: Ու դրանք եղան Հարութի վերջին խոսքերը՝ ուղղված մորը:
Պատերազմի ահասարսուռ օրերին՝ համընդհանուր տագնապի մեջ, ընտանիքին ուժ տվողը Հարութի զանգն էր, միշտ նույն հուսադրող խոսքերն էին՝ «Սաղ տոշնիա, ցե՜նտր»: Հոկտեմբերի 21-ից սկսած զանգերը լռեցին. օրեր, ամիսներ շարունակ հույսը չէր մարում, բոլորը հավատով սպասում էին, որ նորից կտեսնեն ամենաջերմ ու սիրտ տաքացնող ժպիտը: Կռվի ողջ ընթացքում Հարությունը հարազատներին չէր ասել, թե որտեղ է: Իսկ, երբ օրերով չէր զանգում, պատճառաբանում էր, որ կապ չկար, ոչ մի ավելորդ բանի մասին չէր խոսում: Ընտանիքի անդամները չգիտեին՝ որտե՞ղ կարող էին փնտրել որդուն: Ավա՜ղ, պատերազմից չորս ամիս անց միայն Հարությունին ու իր յոթ մարտական ընկերներին կարողացան գտնել: Հայրենիքի նվիրյալը հուղարկավորվել է Թալինի պանթեոնում 2021 թվականի փետրվարի 10-ին:
Հարութի հարազատների համար պատերազմը շարունակվում է մինչ օրս, լուռ, հաճախ անզգացմունք, ինչպես քարը, բայց հոգու խորքում արհավիրքը, ցավը, ինչ-որ բան ասելու, անելու անկարողությունը կրծում են հոգին: Պայքարող տեսակ էր Հարութը, վստահ էր, որ հաստատ ամեն ինչ լավ է լինելու: Մայրը հիշում է՝ պատերազմի ընթացքում զանգերից մեկի ժամանակ շատ ուրախ էր, երջանիկ, զվարթ, ասել է, որ հետո կասի պատճառը, բայց, թե ի՞նչ էր ուզում ասել որդին, մայրն այդպես էլ չիմացավ:
Հարությունի այդքան սիրելի փոքրիկ քաղաքը, որի հետ կապում էր իր կյանքը, եւ որը միտք անգամ չուներ լքելու, առանց իր ներկայության այսօր շատ է դատարկվել: Չարաբաստիկ պատերազմն ընդհատեց Հարությունի կյանքը՝ կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները, որոնք ծնողները կապում էին նրա հետ: Նպատակասլաց էր, ուզում էր ուսումը շարունակել ու ծրագրավորում սովորել համալսարանում: Շատ մեծ սեր ուներ դեպի սպորտը, իսկ ֆուտբոլը Հարությունի տարերքն էր, ամեն ինչ մի կողմում էր, ֆուտբոլը՝ այլ կողմում: Թալինի ֆուտբոլային ակումբի անդամ էր, մասնակցում էր բոլոր մրցումներին: Մայրը՝ Լուսինեն, ասում է ՝ «Ուզում էր լավ ֆուտբոլիստ դառնալ, իրեն եւ՛ սազում էր ֆուտբոլը, եւ՛ մտնում էր խաղի մեջ, չէր խաղում ուղղակի խաղալու համար: Շատ էր ոգեւորվում տարած հաղթանակներից ու ա՛յ էդպես էլ պատերազմում է եղել»:

Մայրը դարակից զգուշորեն հանում է որդու փոքր տարիքի լուսանկարների ալբոմը, թախիծն ու կարոտը աչքերում թերթելով էջերը՝ գտնում է այն լուսանկարը, որտեղ որդին զարմանքն աչքերին հետեւում էր ծովի ալիքների խաղին, եւ հիշում է՝ փոքր ժամանակ, երբ ընտանիքով Ռուսաստանում էին բնակվում, նույն ուժեղ ձայնով ծովը տեսնելիս էր գոռում, շատ էր սիրում ծովը:
«Չգիտեմ, դժվար է շատ, ամենադժվարը՝ այդքան սպասումից հետո իրեն չտեսնելն է, բայց ինքը ներկա է միշտ, ինձ հետ է»,- ասում է Հարութի մայրը՝ Լուսինեն, ու հավատում, որ տղան միշտ իր կողքին է: Հնարավոր է՝ զուգադիպություն է, բայց շատ են եղել դեպքեր, երբ այս կամ այն հարցի վերաբերյալ ցանկացել է տղայի կարծիքն իմանալ ու զգացել, որ որդին ճանապարհ է ցույց տալիս: Հաճախ է դժվար պահերին զգում հանգստություն, ամեն ինչ հարթ, նորմալ ընթանում է, ասում է՝ Հարութն է, որ օգնում է իրենց. «Հարութը մեզ հետ չի, բայց ես զգում եմ, որ սա Հարութի ուժն է, Աստծո մխիթարությունն է, որ մենք ապրում ենք: Հպարտ եմ, բայց շատ դառը, դժվար հպարտությամբ»: Գոյություն ունեցող, բայց աչքի համար տեսանելի չեղող ամենաիսկական ներկայությամբ Հարությունը դեռ ապրում է իրեն ճանաչողների սրտերում: Երբ մարդ դժվար պայմաններում էլ չի կորցնում սեփական դեմքը, ուրեմն դու նրանից սովորելու շատ բան ունես: Հարությունն այդ տեսակն էր… Հարություն Ֆահրադյանը ծառայության ընթացքում պարգեւատրվել է «Արիության մեդալով», հետմահու՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Դասընկերների կողմից՝
Հարությունի անմահ հիշատակին
«Առավոտ» օրաթերթ
10.01.2023




















































