«Ռուսաստանի դեսպանատան դիմաց ենք, որովհետև ՌԴ-ն ոչ միայն թողտվություն է ցույց տալիս այս հանցավոր գործողության նկատմամբ, այլև մասնակից է»,- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց հայտարարեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Արա Պապյանը։
Հիշեցնենք՝ ԱԺԲ –ի նախաձեռնությամբ տասնյակ քաղաքացիներ Ազատության հրապարակից «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով երթ անցկացրին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Նրանց պահանջն է՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Կարդացեք նաև
Արա Պապյանը, քննադատելով ՌԴ-ի քաղաքականությունը, նկատեց․ «Երբ Ռուսաստանը մեզ պարտադրում էր 4,5 հազար քառակուսի կիլոմետր, որը հայ զինվորն իր արյունով պահել էր, հանձնել Ադրբեջանին, դրա դիմաց խոստանում էր Լաչինի միջանցքի անխափան աշխատանք։ Էդ ո՞նց եղավ՝ ՌԴ-ն կարողանում է մեզ պարտադրել, իսկ մի բուռ չակերտավոր բնապահպաններից չի կարողանում ազատագրել այդ ճանապարհը։ Ես և ԱԺԲ-ն անօրինական ենք համարում նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը։ Եթե ռուսները դա համարում են օրինական, թող իրենց պարտավորությունները կատարեն։ Եթե չեն կարողանում դա անել, գոնե չխոչընդոտեն։ ՄԱԿ-ի ԱԽ-ի տարբեր նիստերում ինչ-որ հնարքներ են բանեցնում, վերջին պահին փոփոխություններ մտցնում փաստաթղթերում՝ վիժեցնելով որևէ փաստաթղթի ընդունումը»։

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը վստահեցրեց՝ այն, ինչ կատարվում է Արցախում, վաղը կատարվելու է Երևանում ու հայտարարեց․ «Բերձորի միջանցքը պետք է բացվի, այսօր հավաքվել ենք այստեղ, քանի որ հասկանում ենք՝ ով է մեղավորն այդ միջանցքի փակման համար։ 2022 թվականն ապացուցեց, որ ՌԴ ծրագիրը՝ իր կայսրությունը վերականգնել, տապալված է։ 2022-ն ապացուցեց, որ 3+3 ձևաչափ չի գործելու Հարավային Կովկասում, որ հայ ժողովուրդն այն ճակատամարտը, որ տվել է 2020-ին, դրվագ էր մեծ համաշխարհային հակամարտության, որն այսօր նախ տեղի է ունենում Ուկրաինայում»։ Նա ասաց՝ 2023-ը լինելու է վճռական, բեկումնային տարի ու շեշտեց․ «Փշրվելու են պուտինյան, էրդողանյան ռեժիմի ատամները, քանի որ նրանք փոխկապակցված հրեշներ են, որոնք մեր ազգին աքցանի մեջ են առել։ Բայց մենք չպետք է սպասենք, որ ռուսներին քշեն թուրքերը․ մենք ինքներս նրանց պետք է քշենք այստեղից»։
Գարեգին Չուգասզյանը ժողովրդին կոչ արեց իրենց ուժի մասին տարատեսակ բամբասանքներին տուրք չտալ ու գալ, միանալ իրենց։


Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից


















































