Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցությունը քննարկման էր ներկայացրել «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Այն ներկայացնելիս խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ Բերձորի միջանցքը շրջափակված է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործունեության, այլ նաեւ Հայաստանի դիրքորոշման պատճառով, որովհետեւ Պրահայում Փաշինյանը համաձայնել է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում:
ՔՊ-ականները հայտարարեցին, որ ԱԺ-ն Արցախի շրջափակման հումանիտար աղետի հարցով արդեն հայտարարություն արել է, ուրիշ հարց, որ ընդդիմությունը չի մասնակցել դրան ու այն համատեղ չի ընդունվել:
Կարդացեք նաև

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, լսելով ընդդիմադիրների քննադատությունները, որ առաջին անգամ խզվել է կապը ՀՀ-ի եւ Արցախի միջեւ, հակասություն կա տեսակետների, նիստի վերջում հայտարարեց. «ՀՀ որեւէ իշխանության կարեւորագույն եւ առաջնային գործառույթ է սպասարկել ՀՀ շահերը, ապահովել ՀՀ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Սա առաջնային ու կարեւորագույն գործառույթն է, որ պետք է իրականացնի ՀՀ իշխանությունը եւ որեւէ այլ գործառույթ ստորադասի այս առաքելությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































