Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմն ինձ համար հեքիաթային ու ֆանտաստիկ աշխարհ է»

Հունվար 19,2023 12:30

Հարցազրույց բալետի արտիստ Գրիշա Սարգսյանի հետ

– Գրիշա, 2018 թվականից աշխատում եք Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ: Հանդես եք եկել թատրոնի խաղացանկի բոլոր ներկայացումներում` «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես», «Չիպոլինո», «Բյուրեղապակյա դղյակ», «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Կարմեն», «Լորկիանա», «Լա Բոհեմ», «Սիմֆոնիկ պարեր», «Շչելկունչիկ», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Ձգողականություն» բալետներում, «Անուշ», «Տրավիատա», «Կարինե» օպերաներում։  Ինչպե՞ս որոշեցիք ընտրել բալետի ուղին:

– Դեռ մանկուց սիրում էի պարել, հայրս աշխատում էր  Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, միշտ գնում էի, սիրով ու ոգեւորությամբ նայում բոլոր ներկայացումները։  Իսկ մայրս մարմնամարզուհի էր, հայրիկի հետ ունեին պարի համույթ, որտեղ ես էլ էի պարում։  Հայրս աշխատում էր նաեւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջում, եւ ես 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից տեղափոխվեցի քոլեջի դասական պարի բաժին։

– Ինչ է բեմը ձեզ համար…

– Բեմն ինձ համար հեքիաթային եւ ֆանտաստիկ աշխարհ է։

– Արտիստի համար ինքնաճանաչումը կարեւոր նախապայման է։ Հասցրե՞լ եք ձեզ լիովին ճանաչել։

– Իհարկե, արտիստի համար շատ կարեւոր է ինքնաճանաչումը, իսկ բալետի արտիստն ամբողջովին պիտի ճանաչի սեփական հոգին ու  մարմինը: Ամբողջությամբ դեռ չեմ հասցրել ճանաչել ինձ: Որպես արտիստ շատ բարդ է,  որովհետեւ բալետի արտիստն ամեն օր իր մեջ մի նոր բան է բացահայտում, նորովի է ինքն իրեն ճանաչում։ Այդ գործընթացը շատ  հետաքրքիր է, քանի որ միշտ կա ինչ-որ իդեալի ձգտելու մղում։

– Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում  ձեր մարմնավորած կերպարներից ո՞րն է ամենասիրելին եւ ինչո՞ւ։

– Սիրելի կերպարներից է Պարիսը «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետում` ազնվական երիտասարդ, հպարտ, վեհ, ինքնավստահ, գեղեցկադեմ,  որն ինձ շատ դուր եկավ։ Սիրում եմ ազնվական ծագում ունեցող հերոսների դերեր կատարել։  Չգիտես ինչու` զգում եմ, որ իմ մեջ արքայազն է  ապրում։

– Իսկ կա՞ն դերեր, որոնց մասին երազում եք։

– Կարծում եմ` ցանկացած արտիստ ունի իր երազանքի դերը կամ դերերը։  Ինձ համար այդպիսի կերպարներ են արքայազն Զիգֆրիդը`  «Կարապի լիճը» բալետից,  Սոլորը` «Բայադերկա» բալետից, Կրասոսը` «Սպարտակից» եւ արքայազն Դեզիրեի կերպարը «Քնած գեղեցկուհի» բալետից։

– Երբեւէ մտածե՞լ եք ստեղծագործական ճանապարհը հայրենիքից դուրս շարունակելու մասին։

– Մտածել եմ հայրենիքից դուրս ստեղծագործելու մասին, բայց ինչ-որ բան միշտ ինձ պահել է։ Երեւի մեծ սերն է հայրենիքիս եւ իմ տուն-թատրոնի հանդեպ։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031