Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ նիստում պարզաբանումներ պահանջեց Հաշվեքննիչ պալատից եւ առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ծառայությունների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն էր իրականացրել, որի արդյունքներն ու եզրակացությունը կասկածների տեղիք էին տվել:
Անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ հաշվեքննությունը ցույց է տվել, որ նախ սահմանափակ տեղեկատվություն են տվել պալատին, մասնավորապես, նախարարությունը չի տրամադրել ծրագրի ընթացքում ծառայություններից օգտված եւ էլեկտրոնային «Արմեդ» համակարգում արձանագրված դեպքերի, շահառուների նույնականացման, ինչպես նաեւ քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի մասին տեղեկատվություն: Նախարարությունը չի ունեցել ծրագրի իրականացման նպատակային ցուցանիշներ, ուստի հնարավոր չէ գնահատել արդյունավետությունն ու արդյունքները:
Հաջորդ էական հարցը վերաբերում է գների ձեւավորմանն ու հաշվարկմանը: Հաշվեքննության ընթացքում պարզվել է, որ նախարարը հայտարարել է անվճար տրամադրվող ծառայությունների գները, բայց թե ինչ մեթոդաբանությամբ են այդ գինը հաշվարկել, որտեղից են վերցրել, տեղեկատվություն չկա:
Կարդացեք նաև
Պետբյուջեի միջոցների տնտեսման, նպատակային ծախսման նպատակով պիտի լինեն հսկման համակարգեր, բայց նախարարությունում այդ ժամանակահատվածում ներդրված չի եղել ներքին աուդիտի համակարգը եւ լիարժեք չի գործել պայմանագրով նախատեսված ստուգման գործառույթը:


Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ եթե նախարարությունը այդ տվյալները տրամադրեր, օրենք կխախտեր, իրավունք չուներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































