Բրիտանական դեսպանությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային առևտրի նախարարության աջակցությամբ և «Մանթաշյանց» գործարարների միության անդամ «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ի հետ համագործակցությամբ կազմակերպել էր սեմինար «Բարեվարք բիզնես ունենալու հրամայականը» թեմայով։ Սեմինարի նպատակն էր խթանել հայաստանյան բիզնես ընկերությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին, ինչը կօգնի հեշտացնել միջազգային և բրիտանական ընկերությունների մուտքը հայկական շուկա և կնպաստի հայաստանյան բիզնես ընկերությունների միջազգային համագործակցությանը:

2023թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը, և համապատասխանության (compliance) արդյունավետ ծրագրերն ապահովում են նման քրեական պատասխանատվության բացառումը կամ նվազեցումը:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշեց իր բացման խոսքում․
«Ուրախ եմ, որ այսօրվա սեմինարը, որպես միջազգային լավագույն մոդելի օրինակ հղում անելով առաջատար իրավական համակարգերից մեկին՝ «Անգլիական իրավունքին», հայաստանյան ընկերություններին կծանոթացնի գործող բրիտանական և միջազգային չափանիշներին։ Սա կօգնի բարելավել հայաստանյան գործարար միջավայրը, ինչն իր հերթին կամրապնդի ու կբարելավի Հայաստանի միջազգային վարկանիշը և միջազգային ներդրումներ կներգրավի»։
Կարդացեք նաև
«Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ի կառավարիչ գործընկեր Դավիթ Հակոբյանը, ով որակավորված սոլիսիթոր է Անգլիայում և Ուելսում, շնորհակալություն հայտնեց Բրիտանական դեսպանատանը աջակցության համար՝ գնահատելով դեսպանատան ներդրումը տեղական բիզնես ընկերությունները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացում, ինչն իր հերթին խթանում է ներդրումների ներգրավումը ԵՄ երկրներից և Բրիտանիայից ու հնարավորություն ընձեռում բրիտանական բիզնեսին ավելի հեշտ մուտք գործել հայկական շուկա:
Շուրջ 50 ընկերություններ մասնակցեցին միջոցառմանը, որի ընթացքում որպես խոսնակ հանդես եկան բրիտանացի փաստաբան Բեն Ուելսը և «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ի փորձագետները։
ՀՀ-ում ՄԹ դեսպանություն


















































