Արցախում համայնքային զարգացման ինկուբատոր է ստեղծվել
«Քանի ամիս է` օր ու գիշեր աշխատում ենք մեր գաղափարի կյանքի կոչման համար. այն է՝ ստեղծել «Bitty co-working», որը լինելու է համայնքային զարգացման ինկուբատոր, հնարավորություն է տալու համատեղել մեկ վայրում կրթություն, հարմարավետ աշխատանք, նեթվորքինգ` անձնական եւ մասնագիտական կապեր ստեղծելու գործիք»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում են «Bitty co-working» ծրագրի համահիմնադիրները։
Նարե Ղահրամանյանի, Մերի Հովհաննիսյանի, Դիանա Ղահրամանյանի եւ Արշակ Հովհաննիսյանի համառ ջանքերի շնորհիվ օրերս շրջափակված Արցախի Մարտակերտ քաղաքում կայացավ ծրագրի բացումը։


«Մեր էներգիան արդեն բավական էր, արագ գործողությունների պլան կազմեցինք, Սոցիալական ձեռներեցների դպրոցի կողմից էլ համայնքի երիտասարդների համար վեբինարների մասնակցության փաթեթ ստացանք»,-ասում է Նարեն, ավելացնելով, որ հստակ որոշել էին` բացում են Բիթթի տանող ճանապարհը։
Կարդացեք նաև
Հարցին` շրջափակված Արցախում ինչպե՞ս են իրականություն դառնում միջոցառումները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չկա գազ ու լույս, բայց կա մեծ էներգիա, անսպառ ուժ, որը մեր չօգտագործելը պարզապես անընդունելի կլինի, իսկ այս պայմաններում մեր միջոցառումներն իրականություն դարձնելն անխուսափելի է, որովհետեւ մենք գիտենք` ուր ենք գնում եւ ինչի համար ենք գնում…»,-հավելեց Նարե Ղահրամանյանը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.01.2023



















































