կամ Հանրային ռադիոն՝ համերգասրահ
1926թ. սեպտեմբերի 1-ին առաջին հեռարձակումը սփռած ռադիոյի աշխատակիցների մտքով անգամ չէր կարող անցնել, որ մոտ մեկ դար անց միջազգային մակարդակով պաշտոնական ընդունելությունների եւ կարեւոր բանակցությունների վայր հանդիսացող պատմական այս շենքում կարող է գործել բառի իսկական իմաստով համերգասրահ՝ դասական երաժշտությունը նախընտրողների համար։ Այն, ինչի ականատեսը եղանք հունվարի 21-ին ռազմավարական օբյեկտ հանդիսացող Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում, վեր էր ոչ միայն մեր պատկերացումներից։ Այդ օրը ներկա եղանք «Դասականը բոլորի համար» նախագծի առաջին միջոցառմանը, որն անցկացվեց համերգ-զրույցի ձեւաչափով։
Մինչ կսկսվեր երաժշտական երեկոն, «Առավոտը» զրույցի հրավիրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների եւ միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Բարխուդարյանին։ «Րոպեներ անց ականատեսը կլինեք ամիսը մեկ անգամ հեռարձակվող այս նախագծի, որի մեկնարկը կտրվի հարցուպատասխանի միջոցով։ Կքննարկվեն կատարվող ստեղծագործությունները, կներկայացվեն դրանց մասին հետաքրքիր փաստեր, նաեւ երաժիշտների ստեղծագործական ուղին եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը։ Կայացած համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի Կլարնետի, ջութակի եւ դաշնամուրի համար գրված տրիոն եւ Առնո Բաբաջանյանի Դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար գրված ստեղծագործությունը։ Ինչպես նշեց նախագծի ղեկավարը, ծրագրի ընտրությունը պատահական չէր. հունվարի 21-ը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է՝ լրացավ կոմպոզիտորի 100-ամյակը, իսկ 2023թ. ոչ միայն հայերս, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհը կնշի Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Իսկապես երկու սիրված կոմպոզիտորների ստեղծագործությունները զարդարեցին համերգային ծրագիրը եւ եւս մեկ անգամ թույլ տվեցին հանդիսատեսին, ինչ խոսք՝ նաեւ երաժիշտներին, վայելել հայ մեծերի թողած ժառանգության այս գլուխգործոցները։ Դրանք բարձրարվեստ ներկայացրին ինչպես ճանաչված ջութակահար Անուշ Նիկողոսյանը, այնպես էլ նոր-նոր հանդիսատեսի դատին ներկայացող երաժիշտներ՝ թավջութակահար Դավիդ Եժովը, կլարնետահար Ալեքսանդր Վասիլեւը եւ դաշնակահար Սոնա Բարսեղյանը։




Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.01.2023





















































