«Ի՞նչ օրինականության մասին ենք խոսում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կլիներ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի․․․ո՞վ պետք է պատասխան տա դրա համար։ Եթե օրինական երկրում ապրեինք, պատերազմ չէր լինի։ Ուղղակի ժողովուրդը պետք է աչքերը բացի եւ տեսնի, թե ինչ իշխանություն ունի։ Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ ժողովուրդը հասկանա։ Բոլոր ամիսների դեպքերն անօրինականության հետեւանք են։ Ո՞վ պատասխան տվեց որեւէ բանի համար»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 2020թ․-ի պատերազմում նոյեմբերի 7-ին Շուշիում անմահացած Գեւորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը։
Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են մասնակցում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։
«Մենք ասում էինք՝ կգա ժամանակ, որ զոհերի քանակը կշատանա։ Շատացավ։ 15 զոհի համար ո՞վ պետք է պատասխան տա։ Ժողովուրդը ե՞րբ սա կհասկանա։ Ամիսներ առաջ էինք ասում, որ մեր երեխաների արյունը ջուր է դառնում, ինչո՞ւ զոհվածների ծնողները լուրջ չմոտեցան մեր ասածներին։ Հիմա հասկացա՞ն»,-հարցադրում արեց հայրը։
Կարդացեք նաև


Այնուհետեւ Բորիկ Կոյտիկովն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խորհուրդ տվեց խոսելուց առաջ գնալ մի գիշեր զինվորների հետ նույն պայմաններում քնել․ «Դրանից հետո եթե մարդ լինի, ճիշտը կասի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































