«Եկել ենք խնդրելու, որպեսզի հրատապ միջամտեք, որ վերջ տրվի շարունակվող մարդասիրական աղետին»,-ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն՝ ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսման ժամանակ հայտարարեց Հայաստանի իրավախորհրդատու Լորենս Մարտինը։

Լորենս Մարտինը թվարկեց այն փաստերը, որոնք դրված են միջանկյալ միջոցի վերաբերյալ ՀՀ-ի դիմումի հիմքում․ «Տասնյակ հազարավոր էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվեցին այն տարածքներից, որոնք Ադրբեջանը նվաճեց 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մեկ հոգի անգամ չի կարողացել իր տուն վերադառնալ, պատերազմի ավարտից հետո ՌԴ-ն խաղաղապահ առաքելություն ուղարկեց տարածաշրջան, որպեսզի կանխվի ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային մահը։ Նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանն իրենից կախված ամեն ինչ արել է, որ այնտեղ մնացած էթնիկ հայերի կյանքը դարձնի անտանելի»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանն ու այսպես կոչված բնապահպանական ակտիվիստների գործողություններին, նա ասաց․ «Դա ի սկզբանե վատ հորինված պատմություն էր։ Ոչ մեկը չհավատաց, որ ցուցարարներին իսկապես հուզում է շրջակա միջավայրը ԼՂ-ում։ Ադրբեջանցի մի բնապահպան Ֆեյսբուքում նույն այդ օրը գրեց՝ երկնքից էլ պարզ է, որ Ղարաբաղում բնապահպանական ակտիվիստների բողոքի ցույցը հորինված պատմություն է, որ մինչև այժմ մեկ հոգու չեն տեսել, որ կհոգար բնապահպանական հարցերի մասին։ Նրանք հարմարեցված թատրոնում դեր խաղացողներ են։ Ըստ այդ անձի՝ քչերն են իրոք բնապահպանական կառույցների ներկայացուցիչներ։ Շատերն այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնք կամ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության, կամ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից։ Նաև նշվում է, որ ռազմական համազգեստներով ցուցարարներ են»։
Լորենս Մարտինը հայտարարեց՝ ակնհայտ է՝ Ադրբեջանը փորձում է հասնել նրան, ինչն Ալիևը համարել է իր հիմնական պարտքը՝ հայերին վտարել այդ հողերից։ Նախագահ Ալիևը ինքն է դա ասել։

Իր ելույթի երկրորդ հատվածում Լորենս Մարտինը խոսեց հումանիտար հետևանքների մասին։ Նա զուգահեռ անցկացնելով՝ ասաց․ «ԼՂ բնակչությունը Լեյդեն ուսանողական քաղաքի չափ է։ Ի՞նչ տեղի կունենար այնտեղ, եթե այն արտաքին աշխարհից կտրվեր հիսուն օրով, գազամատակարարումն ու էլեկտրականությունն ընդհատվեր։ Մեծ երևակայություն պետք չէ այդ հարցին պատասխանելու համար»։
Նա փաստեց՝ Ադրբեջանին ողջ միջազգային հանրությունն է կոչ արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, մինչդեռ նա շարունակում է արգելափակված պահել ԼՂ-ն Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Լորենս Մարտինը, փաստելով այն, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է 2020-ի նոյեմբերից, նշեց, որ նրանց առօրյա հրապարակումներից ոչ մեկում չի նշվել զենքի, ցամաքային ականների կամ հանքանյութի տեղափոխման մասին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































