Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք տեղի արյան լճակը տեսե՞լ եք, հասկանո՞ւմ եք՝ ինչ է եղել»․ վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի հայրը՝ ոստիկաններին

Փետրվար 16,2023 18:12

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում լարված իրավիճակ ստեղծվեց։

Երբ որպես վկա հարցաքննվելու էր եկել ճանապարհային ոստիկանության աշխատակից Հովհաննես Մկրտչյանը, ում մեքենան «եզրափակում» էր շարասյան ուղեկցումը, մահացած Սոնա Մնացականյանի հայրը բորբոքվեց՝ նկատի ունենալով վկա-ոստիկանների պահվածքը։ Պարոն Մնացականյանը  նախ հիշատակեց խաչմերուկը կարգավորած ոստիկան Բորսաբյանին, ապա դիմեց ներկա վկային, ով դեպքի ժամանակահատվածի մասին հարցին պատասխանելիս օգտագործել էր «մոտավորապես» բառը։

Սոնա Մնացականյանի հայրը

«Ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ ինքնավստահություն է։ Սա ի՞նչ կուռաժիտ է։ Այս մարդկանց մեջ բարոյականություն չկա՞։ Գալիս եք սենց ինքնավստահ ու գնում եք։ Երիտասարդ կին է մահացել՝ 31 շաբաթական հղիությամբ․․․»,-ասաց Սոնա Մնացականյանի հայրը։

Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը ձեռքերով է խոսում տուժողի իրավահաջորդի հետ

Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը պատասխանեց․ «Պատրաստված եկե՞լ եք, հա՞»։ Մթնոլորտը լարվեց։ «Բարոյականության նորմերը պահի, թե չէ կպահանջեմ, որ մինչեւ ստեղ մտնելը քո խմածությունը որոշեն»,- ձայնը բարձրացնելով՝ ասաց Մնացականյանը, ապա դիմեց Արամ Նավասարդյանի եղբորը, որն արդեն վկայություն էր տվել եւ տեղ զբաղեցրել նիստերի դահլիճում․ «Դուք չեք հասկանո՞ւմ՝ ինչ է կատարվել։ Սա ի՞նչ կուռաժիտ է։ Դուք տեղի արյան լճակը տեսե՞լ եք»։

«Ի՞նչ է նշանակում կուռաժիտ»,-հարցրեց Ռուբեն Բալոյանը։

Իրավիճակը հանդարտեցնելու համար դատավոր Կարեն Ֆարխոյանն ընդմիջում հայտարարեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728