Այդ պատճառով հայկական ֆիլմերը հաճախ հանվում են փառատոներից
Հունվարի 27-ից մարտի 17-ը Իտալիայի հարավային Բարի, Մոնոպոլի եւ Պոլինյանո Ա Մարե քաղաքներում անց է կացվում Sudestival 23-րդ կինոփառատոնը, որի շրջանակում մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին եւ «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ լրջորեն պատրաստվում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի քսանամյակը եւ հայկական կինոյի 100-ամյակը նշելուն։
«Ոսկե ծիրանի» եւ կինոմիության առաջարկած ծրագիրը ցուցադրեցինք Իտալիայի երեք քաղաքներում՝ Մոնոպոլի, Պոլինյանո Ա Մարե եւ Բարի։ Իտալիա էինք տարել շատ բազմաժանր ծրագիր, 7 ֆիլմ՝ Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի», Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը», Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ», Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալքայանի «5 երազողները եւ ձին», Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» եւ իմ «Նկարչի երեք գերեզմանները»: Հետաքրքրությունը մեծ էր, եւ ուսանողությունը նայեց ֆիլմերը, եւ աշակերտները, եւ հանդիսատեսը։ Բոլորը տպավորված էին, լավ արձագանքներ ստացանք»,-ասաց Հարություն Խաչատրյանը։

Հարություն Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձանք նաեւ նրա «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի արտասահմանյան պրեմիերաներին։ Տեղեկացանք, որ մարտ ամսին ֆիլմը կցուցադրվի Սոֆիայում՝ հայկական կինոյի հարյուրամյակի շրջանակում։ «Սեպտեմբերին հրավիրված ենք Տալլին, այնտեղ պետք է կայանա ֆիլմիս պրեմիերան, նաեւ իմ բարեկամները, որոնք ինձ հետ աշխատել են այդ ֆիլմի վրա, ցանկանում են, որ այս ֆիլմը Օդեսայում պրեմիերա ունենա, որովհետեւ ֆիլմի հերոսը՝ Վահան Անանյանը, մեծ ներդրում ունի Օդեսայի համար, լավ աշակերտներ ու լավ նկարներ է թողել։ Այնպես որ, սկսվում են մեր ճամփորդությունները տարբեր երկրներով մեկ, ամենուր հայկական ֆիլմեր ենք ցուցադրելու, պատմելու ենք մեր անցյալի, ներկայի եւ ապագա երազանքների մասին։ Պետք է ամեն ինչով օգնել, որ հայկական ֆիլմերը դուրս գան աշխարհ։ Շատ մեծ ազգեր չունեն այնպիսի կինեմատոգրաֆ, ինչպիսին հայկականն է, մենք սովոր ենք մեզ անընդհատ հայհոյելու եւ թերագնահատելու, բայց իրականում հայկական կինոն չի տարբերվում աշխարհի լավագույն ֆիլմերից։ Մեր համր կինոն կարող է ցուցադրվել աշխարհի լավագույն ֆիլմերի կողքին։ Ունենք երկու հսկա՝ Փարաջանով, Փելեշյան, ունենք այնպիսի մեծ վարպետներ, ինչպիսիք են Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը, Բագրատ Հովհաննիսյանը, Ներսես Հովհաննիսյանը եւ մյուսները։ Նրանց ֆիլմերը պետք է աշխարհով մեկ տարածել»,-նշեց Հարություն Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
17.02.2023


















































