Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս-հայ-ադրբեջանական հանդիպումներն առկա լարվածությունը մեղմելու փոխարեն կարող են հանգեցնել նոր տարածքային եւ այլ կորուստների»

Մարտ 10,2023 12:00

«Առավոտի» զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, վերջերս Սլովակիա էիք մեկնել, հանդիպումներ եք ունեցել տարբեր շրջանակների հետ: Կմասնավորեցնե՞ք, ի՞նչ հանդիպումներ ունեցաք, ի՞նչ են մտորում այնտեղ Հայաստանի ապագայի մասով. անվտանգային, քաղաքական առումով, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների մասով, եւ ընդհանրապես` տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

– Արդյունավետ այց էր, որի հնարավորությունն ապահովվեց Ռումինիայի հասարակական կազմակերպությունների հանուն զարգացման ֆեդերացիայի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ Սեւծովյան տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ փորձագետների շարժունակության հիմնադրամի շրջանակում։

Այցը մասնավորապես առիթ հանդիսացավ Սլովակիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղարի հետ հանդիպման ընթացքում վերջին շրջանում Հայաստանում եւ տարածաշրջանում կատարվող զարգացումները քննարկելու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության մի խումբ փորձագետների հետ Ուկրաինայում պատերազմի համատեքստում Հարավային Կովկասի անվտանգային զարգացումները քննարկվելու համար։ Համագործակցության հնարավորությունները քննարկվել են Սլովակիայի անվտանգության ծառայության կիբերանվտանգության բաժնի վարիչի, Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սլովակիայի միջազգային զարգացման գործակալության տնօրենի հետ։ Վերջինս մասնավորապես մատնանշել է տարբեր ոլորտային բարեփոխումների նպատակով օժանդակության ավելացման հնարավորությունները՝ Հայաստանի կառավարության կողմից ԵՄ պատվիրակության միջոցով հայտ-առաջարկների դեպքում։ Համագործակցության հնարավորությունները քննարկվեցին նաեւ Բանսկա Բիստրիցայի համալսարանի ներկայացուցիչների եւ մի քանի առաջատար հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ։

– Դեռեւս 2016թ. ամռանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, թե մոտ ժամանակներում Հայաստանն ու Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը։ Դա, հիշեցնեմ, նախատեսված էր նաեւ Եվրամիության հետ 2017-ին Հայաստանի կնքած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Վիզաների ազատականացման հարցում տարիներ շարունակ, սակայն, էական առաջընթաց չի արձանագրվում։ Անցյալ տարի ամռանը ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, թե` «սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցն առաջ քաշելու համար»: Իշխանությունները բոլոր հարթակներից ժողովրդավարության մասին են խոսում, նրանց չի՞ հաջողվում ԵՄ երկրների հետ բանակցել, համոզել, որ ի վերջո Հայաստանը հասել է ժողովրդավարության այն մակարդակին, որպեսզի վիզաների ազատականացումը կյանքի կոչվի:

– Բանակցությունների ներկայիս փուլի տեխնիկական մանրամասների մասին, բնականաբար, տեղյակ չեմ։ Կարելի է, սակայն, ենթադրել, որ մինչ որոշ եվրոպական երկրներ հույս ունեն զարգացնել իրենց զբոսաշրջությունը՝ Հայաստանից այցելուների քանակն ավելացնելով, եւ այդ նպատակով անգամ ոլորտում աշխատող հայկական ընկերությունների ղեկավարների համար այցեր են կազմակերպում իրենց երկրների տեսարժան վայրեր եւ առողջարաններ, որոշ այլ երկրներ էլ կասկածամտորեն են մոտենում ազատականացման հետագա գործընթացին՝ մի քանի պատճառներով, որոնք ոչ միշտ կապ ունեն Հայաստանի կողմից «տնային առաջադրանքը» կատարելու հետ։

Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը

Նախ, առհասարակ խստացվում են միգրացիոն կանոնները։ Ռուսաստանին, Բելառուսին եւ Թուրքիային սահմանակից ԵՄ եւ շենգենյան գոտու անդամները սահմաններին պատնեշներ են կառուցում՝ ԵՄ մարմինների եւ ավելի խոշոր անդամ պետությունների լռելյայն համաձայնությամբ, իսկ օրինակ՝ Գերմանիան էլ այլեւս չի ցանկանում 2015-16 թթ. օրինակով մեծաքանակ միգրանտների ընդունել։ Հայաստանի նկատմամբ կասկածամտությանը նպաստում է նաեւ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների կողմից վիզաների ազատականացման չարաշահումը՝ թե անհիմն կերպով ապաստան հայցելու, թե թույլատրված ժամկետից ավելի մնալու եւ ապօրինի աշխատանքային գործունեության կամ հանցավորության պատճառով։ Մի կողմից, ռեադմիսիայի գործող պայմանագրի առկայության դեպքում անհիմն կերպով ապաստան հայցողներին արտաքսելու հետ կապված հիմնական խնդիրը պետք է լինի պարզապես նրանց մի քանի ամիս կացարանով ապահովելը՝ դիմումի դիտարկման եւ մերժումից հետո հնարավոր դատական բողոքարկման ընթացքում, սակայն ժամանակավոր կացարանների եւ բնակարանային ֆոնդի առկա գերծանրաբեռնվածության պատճառով՝ նախ եւ առաջ ուկրաինացի մեծաքանակ փախստականների առկայության պայմաններում, ցանկացած լրացուցիչ բեռի հնարավորությունից խուսափելու միտում է նկատվում, բացի այդ էլ, ռեադմիսիան կարող է բավարար միջոց չլինել առանց ապաստան հայցելու ապօրինի աշխատանքային գործունեության կամ հանցավորության մեջ ներգրավվողների դեպքում, որոնց նախ հայտնաբերել է պետք։

Այս համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Լեհաստանի դեսպանության կողմից անցած տարվա ամռանն արված հայտարարությունն այն մասին, որ Վարշավայով տարանցիկ ուղեւորները պետք է օդանավակայանի տարանցիկ վիզա ստանային։ Դրանում հղում էր կատարվում ԵՄ վիզաների օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանվում է, որ զանգվածային ապօրինի ներգաղթի առկայության դեպքում անդամ պետությունները կարող են նման միջոց կիրառել՝ նախապես տեղեկացնելով Եվրոպական հանձնաժողովին, իսկ նույն հոդվածի 5-րդ մասում նշված է, որ ԱՄՆ-ում կամ Կանադայում մշտական կացություն ունեցողները, նաեւ այդ երկրների վիզա ունեցողներն ազատվում են օդանավակայանի տարանցիկ վիզա ունենալու պարտավորությունից։ Այս կոնկրետ դեպքում հավանաբար դեր է խաղացել պարզեցված եղանակով Մեքսիկա մուտք գործելու հնարավորությունը՝ այնտեղից ապօրինաբար ԱՄՆ անցնելու նպատակով. սա վերջերս բավական տարածված գործելակերպ է թե Հայաստանի, թե Ռուսաստանի քաղաքացիների շրջանում։ Սա եւս լրացուցիչ կասկածներ է առաջացնում ազատականացված տեղաշարժվելու հնարավորությունները որոշ անձանց կողմից չարաշահելու հնարավորության առումով։

– Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը Հայաստանի անվտանգային առումով ի՞նչ առավելություններ կտա մեր պետությանը:

–  Առաջին հերթին՝ դիտորդների ներկայությունը նվազեցնում է հերթական ռազմական էսկալացիայի եւ բոլորիս հայտնի «փրկչի» միջնորդությամբ ու հօգուտ նրա «Զանգեզուրի միջանցք» ստեղծելուն նպատակաուղղված ճնշմանը։ Դրան զուգահեռ, զգալիորեն նվազում է նշվածի հետ անմիջականորեն կապված մեկ այլ զարգացման՝ որոշ ընդդիմադիր ուժերի «իշխանություն՝ միութենական պետություն մտնելու դիմաց» սցենարի իրականացման հավանականությունը։ Պատահական չէ, որ ԵՄ-ի առաքելությանը դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը եւ որոշ ընդդիմադիր ուժեր։ Ուղղակի խնդիրն այն է, որ կառավարությունը կարողանա մի փոքր շունչ քաշելու հնարավորությունն արդյունավետորեն օգտագործել բովանդակային բանակցային գործընթացի, նոր գործընկերային հարաբերությունների կայացման եւ անվտանգության ձեւաչափի կայացման, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման նպատակով։

– Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների արձանագրման տեսանկյունից կարեւոր քայլ է, սակայն պաշտոնական Մոսկվան համառ պայքար է մղում ՀՀ-ում ԵՄ առաքելության դեմ, գրեթե ամենշաբաթյա ռեժիմով խոսում են այդ թեմայով: Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս պետք է վարվեն, որպեսզի Մոսկվայի ընդդիմանալն էլ ավելի չբարդացնի Հայաստանի վիճակը:

– Սրա կապակցությամբ պաշտոնական Մոսկվան արդեն բացահայտորեն հանձն է առել Ադրբեջանի շահերի պաշտպանությունը, ինչը բնական է՝ շահերի համընկնման պայմաններում, հատկապես երբ համատեղ պլանների տապալման հավանականությունն էլ որոշ չափով ավելացել է։ Ռուսաստանի քաղաքականությունը կշարունակի թելադրված լինել այդ շահերով, եւ որոշ միջազգային միջոցառումների լուսանցքում՝ ինչպես, օրինակ, Դելիում հանդիպումները դրական փոփոխության չեն հանգեցնի, բայց միեւնույն ժամանակ Մոսկվայի համար ընդունելի եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական ձեւաչափով հանդիպումներն առկա լարվածությունը մեղմելու փոխարեն կարող են ավելի մեծ հավանականությամբ հանգեցնել նոր տարածքային եւ այլ կորուստների։ Թերեւս մնում է շարունակել խնդրի միջազգայնացմանն ուղղված ջանքերը՝ միեւնույն ժամանակ հաշվարկելով եւ հասարակությանը բացատրելով առկա ռիսկերը՝ մասնավորապես տնտեսական։

–  Ադրբեջանը վերջին ամիսներին լայնորեն աշխատում է «արեւմտյան Ադրբեջանի» նախաձեռնության շուրջ. քննարկումներ են կազմակերպում, հայտարարություններ են ընդունում, «փաստաթղթեր» են հրապարակում: Անցյալ շաբաթ Բունդեսթագում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը նշեց. «Մենք Պրահայում նաեւ համաձայնության հասանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված կլինի Ալմա Աթայի նույն համաձայնության վրա։ Անակնկալը նրանում էր, որ դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Գիտեք, շատ դժվար է բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Գուցե Ադրբեջանի նախագահի նոր նախաձեռնությունը կարող է հստակեցնե՞լ այս իրավիճակը, որովհետեւ վերջերս մենք ականատես եղանք, այսպես կոչված՝ «արեւմտյան Ադրբեջանի» նախաձեռնության ներկայացմանը, եւ այդ նախաձեռնության ամբողջ միտքը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, եւ Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական քաղաք է, եւ այլն։ Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված՝ «արեւմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է»։ Եթե վարչապետն արձանագրում է, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի դեմ նոր ագրեսիան է, որքանո՞վ է արդարացված «խաղաղության» օրակարգով առաջնորդվել, եթե պարզ է հակառակորդ երկրի իրական նպատակը: Անցյալ կիրակի էլ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվեցին ոստիկանության 3 ծառայողներ։

– «Արեւմտյան Ադրբեջանի», ադրբեջանցիների վերաբնակեցման եւ ծավալապաշտական բնույթի այլ քարոզչությունը թերեւս Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու տրամաբանության մեջ է, կամ պետք է ստեղծի նման տպավորություն։ Հաշվի առնելով նաեւ այն, որ Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմի նպատակների մեջ իր տարածաշրջանից հեռանալը չի մտնում, այդ աստիճանի սարսափազդու պատկեր ստեղծելը նաեւ միութենական պետության միջոցով «փրկության» հերթական հրավեր է՝ արդեն որերորդ անգամ Ադրբեջանի միջոցով ուղարկվող։ Ինչ վերաբերում է կիրակի տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցմանը, այն եւս տեղավորվում է հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, եւ հավանաբար պատահական չէ, որ դա տեղի է ունեցել որպես յուրահատուկ պատասխան՝ խնդրի միջազգայնացմանն ուղղված հայկական դիվանագիտության ջանքերին՝ Լավրովի Բաքու կատարած այցից գրեթե անմիջապես հետո։ Լուծումը դարձյալ խնդրի կարգավորմանը նպատակաուղղված աշխատող միջազգային ձեւաչափում տեղավորվելն է։

–  Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ իշխանությունների քայլերը` փրկարար ծառայություն եւ մարդասիրական օգնություն ուղարկելը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա որեւէ էական ազդեցություն կունենա՞ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:

–  Գուցե որոշ խորհրդանշական քայլեր կարվեն, սակայն հարաբերությունների լիակատար կարգավորումը կախված կմնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից՝ հավանաբար նաեւ Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Արմեն Գրիգորյանի լուսանկարները` նրա ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
10.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031