Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ծանր հանդիպումներ են սպասվում

Մարտ 17,2023 12:00

Երեւան-Մոսկվա բանակցությունների օրակարգում խնդրահարույց թեմաների պակաս չի զգացվում

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը եւ դրա հետեւանքներին: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարեւորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Այս հեռախոսազրույցից մեկ օր անց հրավիրված մամլո ասուլիսում Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականոն վիճակում են։ Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա, ասաց նա, հավելելով. «Մենք խոսում ենք, քննարկում ենք ու ֆիքսում, որ կան խնդիրներ, բայց հարաբերություններում չճգնաժամ չեմ տեսնում»։ Նա հավելեց, որ խնդիրների մի մասը օբյեկտիվ են, ոչ թե սուբյեկտիվ, այնպես որ դրանք չեն կարող հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենալ. «Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխադարձ անհանգստություններ»։ Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությանը` նա նկատեց, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական անզեն առաքելություն է, ու դրանով ամեն ինչ ասված է։

Այս ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ-ն մի քանի առիթներով բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ, մեկնաբանելով, թե այն կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները:

Արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա: Փաշինյանն ասուլիսում հարկ համարեց պարզաբանել, որ 2022թ. դեկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՌԴ մայրաքաղաքում ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել: Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս նշեց, որ ՀՀ ԱԳՆ նախարարի այցը Մոսկվա նախապատրաստվում է։

Երեւան-Մոսկվա բանակցությունների օրակարգում խնդրահարույց թեմաների պակաս չի զգացվում, եւ առաջիկայում, ըստ ամենայնի, հայ-ռուսական առաջիկա բանակցությունները հարաբերությունների ճշգրտման տեսանկյունից կարող են բավական ծանր լինել: Այնուամենայնիվ, հայ-ռուսական առաջիկա բանակցությունների նախաշեմին պաշտոնական Երեւանի դիրքորոշումներում կոշտացումից դեպի մեղմացում գիծը նկատելի է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Ամիսներ շարունակ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող դժգոհություններից հետո պաշտոնական Երեւանն այդ քայլին դիմեց։ Հայկական կողմն ակնկալում էր, որպեսզի կառույցը դատապարտի անցյալ տարի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք:

Սակայն, վաղուց արդեն ակնհայտ է, որ այդ պահանջը չի կատարվելու։ Ի դեպ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը դիտարկեց Մոսկվայի առաջնորդած դաշինքի ու Երեւանի հարաբերությունների կոնտեքստում. «Քաղաքական ուղերձ չէ։ Կարծում եմ, այն գործընթացները, որ ընթանում են Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ, ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ»։

Հունվարին պաշտոնական Երեւանը չեղարկեց Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները: Այս առիթով էլ Փաշինյանը պարզաբանեց, որ կառույցից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու՝ որն է դաշինքի պատասխանատվության գոտին։

Բացի այդ, Ադրբեջանի ագրեսիան դատապարտող գնահատականի բացակայության պայմաններում պաշտոնական Երեւանն անցյալ տարի մերժեց ՀԱՊԿ դիտորդների տեղակայման առաջարկը Ադրբեջանի հետ սահմանին։ Անցած նոյեմբերին` «քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը:

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի, ամփոփելով երեւանյան գագաթնաժողովը՝ նշել էր ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել են համալիր միջոցառումներ՝ Հայաստանին այս դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը, բնականաբար, կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի լարվածության հետ։ Փաստաթուղթն ընդհանուր առմամբ պատրաստ է, բայց պետք է լրամշակվի։ Հանձնարարություն է տրվել մշակել այն եւ ներկայացնել երկրների ղեկավարներին», ասել էր նա։

ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համատեղ նիստում ընդունվել էր 15 որոշում, եւ միայն երկուսն էին վերանայման ուղարկվել, որոնցից մեկը, փաստորեն, Հայաստանին էր առնչվում։ Նիկոլ Փաշինյանը նեղ կազմով նիստում դարձյալ ասել էր, որ Երեւանը կազմակերպությունից քաղաքական գնահատական է ակնկալում, որը սակայն, այդպես էլ չհնչեց։ Փաշինյանը հայտնել էր, որ դաշինքի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով ինքը պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթուղթը։ Թե ինչ ձեւակերպումներ էին փաստաթղթում, հայտնի չէ։ «Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը եւ վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաեւ Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար», – նշել էր Փաշինյանը։

ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում Ստանիսլավ Զասը նշել էր, որ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը Հայաստանին օգնելու վերաբերյալ ընդհանուր առմամբ համաձայնեցվել է։ Ավելի ուշ ընդլայնված նիստում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարզաբանել էր, որ հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, բայց որոշել են հետաձգել այդ հարցի քննարկումը։ «Բայց առաջին անգամ մենք համաձայնեցինք, որ մոտեցման կետեր կան, որ համաձայնության գանք։ Ինչպես հասկացանք գործող նախագահողից, այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, եթե այնպես գործենք, ինչպես այսօր քննարկել ենք, կավարտվի, եւ խաղաղության պայմանագիր կկնքվի։ Նիկոլ Վովաեւիչը լռում է, ուրեմն նա էլ է համաձայն է իմ ասածի հետ», – մասնավորապես ասել էր Բելառուսի առաջնորդը:

Իր ելույթում Փաշինյանը հերթական անգամ քննադատեց ռազմական այս կառույցի աշխատանքը՝ ընդգծելով՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որեւէ կերպ չզսպեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ինչին ի պատասխան՝ Լուկաշենկոն ասաց, թե «իրենց գործը չէր Ադրբեջանին զսպելը», առաջարկեց շարժվել ռուսական խաղաղության միջնորդության ճանապարհով՝ շեշտելով՝ իրենք կարող են հիմա լուծել «այս կոնֆլիկտը, որը կրկին կարող է կրկնվել»։ «Մեզ բոլորիս խաղաղություն է պետք»,- շարունակելով իր խոսքը՝ ասաց Բելառուսի նախագահը՝ թվարկելով, թե որոնք են լինելու իր երկրի նախագահության ժամանակ ռազմական դաշինքի առաջնահերթությունները։

Մարտի 14-ին հրավիրված ասուլիսում Փաշինյանն իր գնահատականներով կարծես փորձում էր բացատրել հայկական կողմի դիրքորոշումը, մյուս կողմից ձգտելով` «կամուրջներ չայրել»: «Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ սխալ ուղերձ ենք հղում մեր ժողովրդին, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության համար եւս մեկ գործոն ավելացնել», պարզաբանեց նա։ «Եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստը չենք տեսնում առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից։ Դուք բոլորդ վկա եք, թե մենք ինչքան երկար եւ հետեւողականորեն աշխատել ենք եւ շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ–ի հետ։ Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որն, իմիջիայլոց, Հայաստանի Հանրապետության մասին չէ, այլ այն մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ գործում է, թե չի գործում, կա, թե չկա։ Մենք ուզում ենք եւ պատրաստ ենք առերեսվել այս հարցին»,– նշեց Փաշինյանը։ Այնուհետեւ նա առաջարկեց մտովի հետ գնալ 2021 թվականը եւ մի շարք իրադարձություններ ու շրջանառվող խոսակցություններ վերհիշել։ «Մեզ ասում էին` Հայաստանի բանակը չի կռվում, որովհետեւ ՀԱՊԿ–ից են ուզում, որ գա, Հայաստանը պաշտպանի։ 2022թ. սեպտեմբերին մարտական բախումներ տեղի ունեցան, ասում էին` Հայաստանի կառավարությունը, ճիշտ է, դիմել է ՀԱՊԿ–ին, բայց հատուկ սխալ հոդվածով է դիմել, որ ՀԱՊԿ–ը չկարողանա գալ, օգնել։ Մենք ՀԱՊԿ–ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով»,– հայտարարեց Փաշինյանը։ Ի վերջո, Փաշինյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի, ըստ նրա, ընդհակառակը` ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը, ըստ նրա` անհանգստացնող է։

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031