Այսօր ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ուժեղ հրագործական արտադրատեսակների ներմուծումն ու վաճառքն արգելել: Եթե հրավառություն, այն պետք է լինի համայնքային, պետական նշանակության տոների, կարեւոր միջոցառումների ժամանակ եւ միայն պետությունը կարող է դրանք գնել ու ներմուծել:
ՀՀ-ն ԵԱՏՄ-ին է անդամակցում ու ԵԱՏՄ կանոնակարգերի համաձայն՝ հրավառության, հրագործական արտադրատեսակները 5 խմբերի են բաժանվում: Առաջին երկու խմբերի մեջ թույլ հրագործական նյութերն են՝ տորթերի վրա դրվող կամ «խլոպուշկա» ասածները, որոնք փակ շենքերում օգտագործում են, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ դասի մեջ դրսում կիրառվող հրագործական արտադրատեսակներն են:
Այս կարգավորման արդյունքում այսուհետեւ, եթե դրսում մեծ հրավառություն տեսնենք, ուրեմն ՀՀ-ում մեծ տոն է կազմակերպվել պետության կամ համայնքի մասնակցությամբ: Իսկ կենցաղում օգտագործվող հրագործական սալյուտների, արտադրատեսակների մասով որեւէ սահմանափակում չկա, միայն որոշակի սահմանափակումներ կլինեն դրանց պահեստավորման հարցում:
Փորձը ցույց տվեց, որ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել հրավառություն անողներին, որովհետեւ դրանք 30-40 վայրկյան են տեւում, չեն հասցնում տեղում բռնել: Դրա համար, ըստ Սիսակ Գաբրիելյանի, ճիշտը ներմուծումն ու վաճառքն արգելելն է:
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ անեն այն գործարարները, որոնք արդեն ներմուծել են, պահեստավորել են: Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ տնտեսվարողները մոտ 8-9 ամիս ժամանակ կունենան, որ եթե ունեն այդպիսի արտադրատեսակներ, շտապեն վաճառել: Կարճ ասած՝ եկող Նոր տարին վերջինը կլինի, երբ մեծ հրավառություններ կկարողանան անել քաղաքացիները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































