Լրահոս
Օրվա լրահոսը

2 տասնյակ անշարժ գույք, մի քանի միլիարդ դրամ․ դատախազը պահանջում է Մհեր Սեդրակյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը

Մարտ 29,2023 13:42

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով քննությունը։

Ըստ դատախազության, Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը տարբեր տարիներին ձեռք է բերել մի շարք անշարժ գույք եւ տարբեր ընկերություններում բաժնեմասեր, որոնց ձեռք բերման ժամանակահատվածում օրինական եկամտի աղբյուր չի ունեցել, դատախազը պնդում է, որ այդ գույքերի նկատմամբ իրավունքը ձեռք է բերել Մհեր Սեդրակյանը։ Իրավապահ մարմնի պնդմամբ, օրինական եկամտի աղբյուր չունենալու պարագայում՝ անշարժ գույքեր են ձեռք բերել նաեւ Մհեր Սեդրակյանի եւ Դավիթ Սեդրակյանի կանայք։

«Ըստ փորձագիտական եզրակացության՝ Մհեր Սեդրակյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող միայն անշարժ գույքերի շուկայական միջին արժեքների հանրագումարը կազմում է 2 մլրդ 297 մլն 856 հազար դրամ։ Բոլորն ակնհայտորեն գերազանցում են օրենքով նախատեսված շեմը»,-հայտարարեց դատախազը։ Ըստ այդմ, դատախազությունը պահանջում է բռնագանձել Մհեր Սեդրակյանից Երեւան քաղաքի էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայի 1/11 հասցեի հողակտորի միջին շուկայական արժեքը, «էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը, մեկ այլ ՍՊԸ-ի 60%-ը, «Ավտոստոպ» ընկերության 100% բաժնեմասը։

Դատախազությունը թվարկեց տարբեր հասցեներում գտնվող երկու տասնյակին մոտ անշարժ գույք, որոնք պահանջում է բռնագանձել Մհեր եւ Դավիթ Սեդրակյաններից, ինչպես նաեւ նրանց հետ փոխկապակցված անձանցից։

«Մհեր Սեդրակյանից բռնագանձել 1 մլրդ 434 մլն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողին կամ անհնար է նույնականացնել եւ բռնագանձել։ 7 մլրդ 236 մլն 775 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխում՝ օտարման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»,-հայտարարեց դատախազը։

Հիշեցնենք, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք:

Մհեր Սեդրակյանի պաշտպանը դատարանում հետաքրքրվեց՝ Վլադիմիր Գասպարյանն այս գործի հետ ի՞նչ կապ ունի, քանի որ դատախազը հայցադիմումում նշեց՝ «․․․Վլադիմիր Գասպարյանի հետ փոխկապակցված անձինք»։ Դատախազը պարզաբանեց, որ վրիպակ է եղել։ «Հասկանալի է, այլ հայցի վրա եք կազմել»,-արձագանքեց փաստաբանը։

Դատական նիստը շարունակվում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031