«Կարեւոր է, որ մենք սրա մասին խոսենք եւ ազնիվ լինենք մեր հասարակության հետ: Այսօրվա դրությամբ, երբ նայում ենք Արցախում ինչ է կատարվում, ինձ թվում է՝ անընդունելի իրավիճակ է: Մի քանի հոգի հնարավորություն ունեն, պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, ինչ-որ ձեւով ապրանք բերեն այստեղ եւ այդ գնաճը կապված է ոչ թե ընդհանուր գների աճի հետ, այլ՝ մենք ունենք սահմանափակում»,- այսօր «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստները» թեմայով գնահատման զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Արցախում գնաճային տեմպերն ահագնանում են, ինչպե՞ս է հնարավոր զսպել գնաճը, ի՞նչ գործիքակազմով, ինչ մեթոդներով:

Երկրորդը՝ ցավոք, կտրոնները չեն աշխատում ու մարդիկ չեն կարողանում այդ կտրոններով ապրանք առնել, որովհետեւ բերվում է ապրանք, որը վաճառում են ավելի թանկ գնով, քան թե պետք է ապահովեն կտրոնով:
Երրորդը՝ կտրոնների ժամկետը հիմա երկարացրել են ու դարձել է իրավիճակ, երբ կա մարդ, որն իր կտրոնը ծախսել է եւ հիմա չի կարողանում նոր կտրոն ստանա եւ ստեղծվել է անհասկանալի իրավիճակ: Դրա համար, ցավոք, գնաճը դա վերջին կետն է: Դրա համար պետք է սկզբից դնես ճիշտ՝ ո՞վ է առնում այդ ապրանքը, ի՞նչ գներով է առնում, ինչքան թափանցիկ է դա, ոնց է այդ տենդերը կազմակերպվում, որովհետեւ ի վերջո շատ փոքր քանակի մեքենաներ կարող են գնալ-գալ Արցախ եւ պետք է տեսնել սնունդ ապահովելու հնարավորությունն ում ձեռքն է:
Կարդացեք նաև
Թափանցիկ արդարության մեխանիզմներ պիտի ստեղծվեին, աշխատանք շատ կար անելու, այնպես չէր, որ մեր ժամանակ ամեն ինչ իդեալական էր: Մենք հետ ենք ընկել նորից: Ամեն տեղ, ով լավ կապեր ունի պետական բարձր պաշտոնյաների հետ, իրանց ջեբը փող են աշխատում օգտագործելով այս իրավիճակը եւ հասարակ մարդկանցից կտրելով իրենց գումարները: Դա ես համարում եմ անընդունելի: Դրա համար գների աճը առաջանում է ցավոք սահմանափակումների պատճառով՝ մի քանի հոգու օգտին»:
Ըստ Ռուբեն Վարդանյանի, պետք է հավաքվել, բռունցք դառնալ. «Շրջափակման ժամանակ շուկայական օրենքները չեն աշխատում, մենք չունենք հնարավորություն ապահովելու մրցակցությունը: Այդտեղ պետության դերը կարեւոր է դառնում»: Ըստ Ռուբեն Վարդանյանի, պետք է միասին որոշեն խաղի կանոնները, պայմանավորվեն՝ ինչ գնով են ապրանքը գնում Հայաստանում ու քանի տոկոս կարելի է փող աշխատել դրա վրա: Պետք է մասնավորին ասվի՝ չես կարող գրպանդ ավելի մեծ գումար դնել, որովհետեւ կարողացել ես քո կապերի հաշվին դա անել՝ ի վնաս մյուս արցախցիների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































