«Այն իրավիճակը եւ պայմանները, որոնք հիմա մեր հետ կատարվում են, էթնիկ զտումներ են, եւ այստեղ ՌԴ-ի 2000 զինծառայողների եւ սպաների առկայությունն անվտանգության շատ կարեւոր բաղադրիչ է․ այո, ոչ ամբողջական, եւ, ցավոք, սահմանափակումներով»,-Տելեգրամի ալիքում հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով հետեւորդների մեկի հարցադրմանը՝ «այս իրավիճակում Արցախի ժողովուրդը կարո՞ղ է հույսը դնել ՌԴ խաղաղապահների վրա, եւ եղած խախտումները հաշվի առնելով՝ ի՞նչ գնահատական կտաք խաղաղապահ առաքելությանը»։
Ռուբեն Վարդանյանն ասել է․ «Նրանք սահմանափակ մանդատ եւ սպառազինություն ունեն, բայց ես համոզված եմ, որ շատ բան նաեւ մեզանից է կախված։ Եթե առավելագույնս միավորվենք եւ աշխարհին ցույց տանք, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ սեփական հողի վրա ապրելու համար, վստահ եմ՝ ՌԴ-ն ու միջազգային հանրությունը կանեն հնարավորինս, որպեսզի խաղաղապահներն ունենան երկարաժամկետ մանդատ, լուրջ սպառազինություն»։
Մեկ այլ հետեւորդ հարցրել է․ «Եթե անկեղծ լինեք, ապա կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ն դատապարտված է ձուլվել տարածաշրջանի ավելի ուժեղ երկրներին՝ «բարեկամական» կամ ոչ բարեկամական»։
Ռուբեն Վարդանյանը պատասխանել է․ «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրս մեծ ուժ ունենք եւ հնարավորություն՝ ազդելու նրա վրա, ինչ հիմա կատարվում է Արցախում, ՀՀ-ում, հայկական աշխարհում։ Յուրաքանչյուրն իր համար պետք է որոշի՝ հայրենիքի, հայկական արժեքների հարցը որքանո՞վ է կարեւոր իր համար։ Եթե պատասխանը հաստատակամ է, ապա ամեն ինչ հեշտ է։ Անգամ քնի մեջ մարդը պետք է անի այն, ինչն օգնում է հայրենիքին ուժեղ լինել։ Դրա համար ամեն մեկս պետք է պատասխանենք հարցի՝ ի՞նչ է հայրենիքը եւ ինչի՞ եմ ես պատրաստ հանուն դրա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































