Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով ամբաստանյալ Տարոն Ավետիսյանը հրաժարվեց մեղադրանքն ընդունելուց. նախաքննության ժամանակ նա իրեն մեղավոր էր ճանաչել

Ապրիլ 04,2023 14:54

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվեց ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործով հերթական դատական նիստը:

Դավիթ Սանասարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՎԾ նախկին աշխատակիցներ Սամվել Ադյանին, Գեւորգ Խաչատրյանին եւ Տարոն Ավետյանին:

Դատարանն այսօր լսեց Տարոն Ավետիսյանի ցուցմունքը: Մեղադրանքի՝ պաշտոնական դիրքի չարաշահման մասով, նա ասաց, որ վերլուծելով 2019 թվականից մինչ օրս տեղի ունեցող իրադարձությունները, առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոններին գրություններ ուղարկելը, որով առաջարկվում է դիալեզի պարագաների ձեռքբերման այնպիսի պարագաներ կիրառել, որոնք համընկնում են ՊՎԾ-ի առաջարկի հետ, բժշկական կենտրոնների կողմից տվյալ բնութագրի կիրառումը, այդ թվում՝ Վանաձորի ԲԿ-ի եւ Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի կողմից, տվյալ մրցույթներում բազմաթիվ մասնակիցների հանդես գալը, գների էական նվազումը, թույլ են տալիս ենթադրել, որ իրականում, ՊՎԾ-ի կողմից առաջարկված բնութագրերը բխում էին տվյալ հաստատությունների իրական կարիքներից: Հակառակ դեպքում, ըստ ամբաստանյալի, նրանք դա ուղղակի չպիտի կիրառեին:

Այս ամենից Տարոն Ավետիսյանը հետեւություն է անում. «Սամվելը և Գեւորգը՝ առաջարկելով փոխել մրցույթի տեխնիկական բնութագրերը, չեն օգտագործել իրենց պաշտոնական դիրքը՝ ծառայության շահերին հակառակ: Այո, օգտվելով հանգամանքներից, նրանք փորձել են հավասար մրցակցության պայմաններում շահույթ ստանալ, բայց, եթե նրանք մեր կազմակերպությունում մասնաբաժին չունենային, պետք է իրենց ծառայողական պարտականությունները կատարեին նույն կերպ, ինչ որ արել են: Նույն կերպ, ինձ համար անհասկանալի է` ո՞ւմ շահերին է էական վնաս պատճառվել եւ ո՞րն է այդ վնասը, Սամվելի եւ Գեւորգի՝ կոնկրետ ո՞ր գործողության արդյունքում է վնասը պատճառվել»:

Ըստ նրա, եթե անգամ ընդունենք, որ Սամվելը եւ Գեւորգը իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ի վնաս ՊՎԾ շահերի եւ էական վնաս են պատճառել ինչ-որ անձի, կազմակերպության կամ պետությանը, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւմն է կայանում իր օժանդակությունը:

Տարոն Ավետիսյանը պաշտոնական դիրքի չարաշահման մասով իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ մյուս մեղադրանքի՝ 325 հոդվածի 2-րդ մասով էլ իրեն մեղավոր է ճանաչում մասնակի, քանի որ ընդունում է, որ մրցույթի գնահատող հանձնաժողովին իրականում գոյություն չունեցող հավաստագրերի պատճեններ է ներկայացրել էլեկտրոնային փոստով , բայց վստահ չէ, որ դրանք կարելի է համարել պաշտոնական կամ իրավունք վերապահող փաստաթուղթ, քանի որ դրանք իրենց ընկերությանը ոչ մի բան չեն վերապահել: Ամբաստանյալի համար հստակ չէ՝ կատարվածը 325 հոդվածի 2-րդ մասո՞վ պետք է դիտարկել, թե՞ առաջին մասով: Ամբաստանյալը նաեւ հայտարարեց, որ օգտվելով իր իրավունքից, հարցերի չի պատասխանելու:

Մեղադրող դատախազը այնուհանդերձ, հարցրեց՝ ո՞րն է պատճառը, որ նախաքննության ընթացքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, մանավանդ, որ այդ ողջ ընթացքում նրա շահերը ներկայացրել եւ պաշտպանել է միեւնույն պաշտպանը՝ մասնակցելով բոլոր քննչական գործողություններին՝ բացառելով որեւէ այլ միջամտություն, իսկ ներկայումս հրաժարվում է իրեն մեղավոր ճանաչել, փաստարկներ է բերում, որոշ դրվագներով ասում է, որ անհասկանալի են դրանք իրեն: Տարոն Ավետիսյանի պաշտպան Հրանտ Անանյանը առարկեց հարցի դեմ՝ ասելով, որ այն զուտ իրավական է, իսկ իր ցուցմունքում, որոնք հակասության մեջ չեն մտնում նախաքննական ցուցմունքների հետ, բոլոր հանգամանքները նշվեցին՝ թե մեղավոր ճանաչելու, թե չճանաչելու եւ մյուս դրվագներով: Դատարանն առարկությունը չընդունեց: Ամբաստանյալը կրկնեց՝ օգտվելով իր իրավունքից, հարցերի չի պատասխանում: Դիմելով պաշտպանին՝ դատավորը հումորով ասաց. «Անիմաստ մի առարկեք, ինքը լավ սովորել է»:

Դատախազն էլ պնդեց իր կարծիքը՝ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հետ դատաքննական ցուցմունքները էական հակասության մեջ են՝ սկսած իրեն մեղավոր ճանաչելուց, վերջացրած մնացած հանգամանքներով եւ միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Դատարանը սկսեց հրապարակել նախաքննական ցուցմունքները. դրանց հիմնական մասը կհրապարակվի հաջորդ նիստում: Այն տեղի կունենա հունիսի 1-ին, 10.30-ին:

Իսկ մինչ այդ, մեկ հարց էլ դատավորն ուներ Տարոն Ավետիսյանին. դատարանում, իր 30 րոպեանոց ցուցմունքում, որեւէ հիշատակում չեղավ ամբաստանյալ Դավիթ Սանասարյանի մասին, դատավորը հետաքրքրվեց՝ որեւէ բան չունի՞ ասելու նրա մասին: Ամբաստանյալը չզիջեց դիրքերը՝ շարունակեց հարցերի չպատասխանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930