Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանի կողմից ինքնարժեքից ավելի քան երկու անգամ ցածր գնով բնակարան ձեռքբերելու գործարքում իրավապահները կոռուպցիա չեն տեսել. «Փաստինֆո»

Ապրիլ 04,2023 15:02

«Փաստինֆո». ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Երևանի կենտրոնում ինքնարժեքից ավելի քան երկու անգամ ցածր արժեքով բնակարան ձեռք բերելու գործընթացում իրավապահները կոռուպցիոն դրսևորումներ չեն տեսել։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝առ այն, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար դոլար, սակայն բնակարանի իրական արժեքը 412 հազար դոլար է։ Կառուցապատող ընկերությունը նախկին հանրապետական Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպն» է, սակայն և՛ Արսենյանը, և՛ Պապիկյանն այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչպես է բնակարանը մոտ 100 մլն-ով էժան ձեռք բերել բնակարանը։

Գործարքում, սակայն, կոռուպցիոն դրսևորումներ իրավապահները, ինչպես և սպասվում էր, չեն տեսել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

«Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, գնահատելով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, 22.03.2023 թվականին վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմել, քանի որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Քննիչն այդ մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: Հսկող դատախազը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում, հաստատել է քրեական վարույթ չնախաձեռնելու իրավաչափությունը և վարույթի նյութերը վերադարձրել է քննիչին»,- նշել են դատախազությունից։
Ի դեպ, իրավապահները փաստացի ուսումնասիրել են հրապարակումը և որոշել քրեական վարույթ չնախաձեռնել Փաշինյանի հայտարարությունից օրեր անց, երբ մարտի 14-ին հրավիրված ասուլիսին, պատասխանելով իշխանական ներկայացուցիչների կողմից կոռուպցիոն դրսևորումների մասին հարցադրմանը, առաջարկել էր լրագրողին բանկի հետ բանակցել, տունը գնել ՝300.000 դոլարով գնել և վաճառել 400.000 դոլարով։

«Երբ 400.000 դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ Դուք ճիշտ եք։ Ընդ որում, դրա արդյունքում 100.000 դոլար մաքուր շահույթ կունենաք, եթե բանկին նման գործարք առաջարկեք, բանկը պետք է երջանիկ լինի, որովհետև իր շահույթի մասն ունի։ Բոլոր այդ դեպքերում առաջարկում եմ լրագրողներին, ՀԿ-ներին գնալ այդ ճանապարհով։ Ես կպնդեմ, որ պարոն Պապիկյանը 300.000 դոլարով այդ տունը վաճառի

Ձեզ և հետո կհետևենք՝ Դուք 400.000 դոլարով կվաճառեք, թե՝ ոչ։ Ես, օրինակ, մի տարի է, իմ տունը ցանկանում եմ վաճառել, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»,- հայտարարել էր Փաշինյանը, ինչին արձագանքելով լրագրողն է փաստացի դեպքի վրա հրավիրել իրավապահների ուշադրությունը, քանի որ Փաշինյանի կողմից պատասխանի ընթացքում իրավապահներին դեպքն ուսումնասիրելու առաջարկություն չի եղել։

Թերեւս գործադիրի ղեկավարի հայտարարությունը ուղենիշային է եղել իրավապահների համար։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Կոլաժը՝ «Հետք»-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930