Հայկական բիզնեսը պետք է նոր շուկաներ գրավի, իր ստեղծած ապրանքը տարբեր երկրներ արտահանի և չսահմանափակվի դրանով։ Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հայկական բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» խորագրով գործարար համաժողովում։

Քերոբյանի խոսքով, այդ մոտեցումը թույլ կտա, որպեսզի հայկական բիզնեսը ոչ միայն տարբեր երկրներ արտահանի, այլ տարածվի, մասնաճյուղեր բացի, նոր շուկաներ գրավի։
«Դա իմ նախորդ կյանքից առաջացած նստվածք է։ Ստեղծել եմ իմ բիզնեսը Հայաստանում, մի քանի մասնաճյուղ էլ բացել եմ արտերկրում։ Չնայած այդ փորձն այդքան էլ հաջող չէր, բայց շատ ընկերություններ պետք է փորձեն դա անել: Իմ նախարար նշանակվելու հաջորդ իսկ օրը հանդիպել եմ Մանթաշյանց ակումբի անդամներին, ընկերություններից մեկի հիմնադիրը խնդիր բարձրացրեց, որ փոքր առաքումների ժամանակ գործում են մեծ մաքսային վճարներ և գործում են մաքսային քաշքշուկներ: Մենք նախաձեռնեցինք փոփոխություններ մաքսային կարգավորումներով, պետական գույքի մասին օրենքում և, ըստ էության, մինչև 1 միլիոն դրամի արտահանումները, այսինքն՝ փոքր ծավալի արտահանումները կառավարությունը վերցրեց մաքսավճարները»,-ասաց «նախորդ կյանքում գլխավոր առաքիչ»՝ ներկայիս նախարար Վահան Քերոբյանը:
Կարդացեք նաև

«Երեկ մենք շատ լավ նորություն ունեցանք ինֆլյացիայի մասին։ Այն կտրուկ նվազել է՝ հասնելով 5.4 %–ի։ Դա նշանակում է, որ դրամավարկային քաղաքականության մասով կարելի է որոշակի թուլացումներ ակնկալել և ֆինանսական միջոցների հասանելիությունն էլ բարձրացնել»,- նշեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ լիզինգի միջոցով ընկերություններին աջակցություն է ցուցաբերվում նոր սարքավորումներ ձեռք բերելու համար և հորդորեց օգտվել այդ ծրագրերից: Քերոբյանի խոսքով` դա թույլ կտա արտաքին շուկաներում մրցունակ արտադրանք ստեղծել։


Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ


















































