ԱԺ այգում այսօր ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոցառում էր:
Հայ-ճապոնական բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանն ասաց, որ ծագող արեւի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները՝ սակուրաները ՀՀ ԱԺ այգում տնկվել են 2015-ի մայիսին` ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության ու ամեն տարի նշում են գարնան գալուստի այս տոնը: Թունյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիային՝ այս տարիներին շարունակական աջակցության համար ու նշեց, որ Ճապոնիան մեզ համար կարեւոր գործընկեր է:

«Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության նախագահ Արսեն Առաքելյանն ասաց, որ այն ժողովուրդները, որոնք հարգում ու կարեւորում են սեփական պատմամշակութային ժառանգությունը, միշտ ապագա ունեն ու մենք եւ ճապոնացիները հարգում ենք միմյանց նաեւ հենց այդ պատճառով:

Կարդացեք նաև
ԱԺ այգում տնկվել է 5 սակուրա ու ինչպես նշեց «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը՝ այն ժամանակ ասում էին, թե հայկական հողում դրանք չեն կարող մնալ, բայց դրանք շատ լավ ամրապնդվեցին իրականում:
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման հայերեն ողջունեց ու ասաց. «Համոզված եմ, դուք բոլորդ ընկերներ եք»:

Միջոցառման ավարտին Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սաները ելույթ ունեցան, որից հետո հայկական ծառազարդի գունագեղ ժապավեններով զարդարեցին սակուրաները՝ ի նշան խաղաղության:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ





























































