Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանի բացառիկ մենահամերգը, որն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Երեկոն լցված էր հայ տենորի ձայնի բնական հնչեղությամբ եւ բարձրարվեստ կատարումներով։ Հանդիսատեսի չդադարող ծափողջույնները, ոգեւորություն ու երեկոյից ստացած մեծ բավականությունը փաստեցին Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգի անհրաժեշտության եւ սպասված լինելու մասին։


Լիպարիտ Ավետիսյանը կարծես հանդիսատեսի համար բացահայտում է երաժշտության բովանդակային եւ արտահայտչական էությունը, երկխոսության մեջ մտնում հանդիսատեսի հոգու եւ մտքի հետ, ստեղծում հոգեպարար մթնոլորտ։ Սա ինքնին բարդ է, բայց հայ տենորին միանշանակ հաջողվում է։
Համերգի նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայ տենորը խոսելով իր կյանքում այս կարեւոր իրադարձության մասին` նշեց, որ շատ է կարեւորում մենահամերգները, բայց եւ խոստովանեց` իր համար ավելի բարդ է, քան ներկայացումների ժամանակ։

Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ վերջերս Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում առաջնախաղով՝ Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայում Լիպարիտ Ավետիսյանը Ֆաուստի դերերգով է հանդես եկել։ 2022-23 թթ. թատերաշրջանում Լիպարիտ Ավտիսյանն արտերկրում հանդես է եկել «Semperoper Dresden»-ում, Մարիինյան թատրոնում (Ալֆրեդո, «Տրավիատա»), Թուլուզի «ThռՉtre du Capitole»-ում (Ռոդոլֆո, «Բոհեմ»), Մեծ թատրոնում (Կոմս Ալմավիվա, «Սեւիլյան սափրիչ»): Առաջիկայում հանդես կգա Գլայնդբորնի փառատոնում (Նեմորինո, «Սիրո ըմպելիք») եւ Թագավորական օպերային թատրոնում, Քովենթ Գարդեն (Ալֆրեդո, «Տրավիատա»):
Համոզված ենք` հայազգի տենորի հաղթարշավը երկար է շարունակվելու եւ ամենամեծ բեմերից ենք լսելու նրա անզուգական կատարումները, որովհետեւ Լիպարիտ Ավետիսյանն առաջնորդվում է արվեստի մեջ իր իսկ հաստատած չափանիշներով ու սկզբունքներով։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.04.2023





















































