Իրավական որեւէ փաստաթղթով չի հիմնավորվում, թե ինչու են բանալիները հանձնվել անհայտ սեփականատիրոջը
Ժենյա Արմենակի Մարգարյանն այս տարվա փետրվարի 3-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Ժ. Մարգարյանի ամուսինը՝ Գագիկ Հակոբյանը, երբ դեռ ողջ էր, ահազանգեց իրենց խնդրի, իրենց սեփականության՝ Անդրանիկի 50/5 հասցեի շուրջ ստեղծված վիճակի մասին («Թոշակառուն դիմել է վարչապետին՝ Արմեն Ամիրյանի ընկերության հետ կապված դատավեճով», «Առավոտ», 06.03.2018):

Հիշեցնեմ, որ հինգ տարի առաջ «ԱրմենԱկոբ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ Երեւանի քաղաքապետարանի դեմ: Երրորդ անձ էին ճանաչվել կենսաթոշակառու, 3-րդ կարգի հաշմանդամ Ժենյա Մարգարյանն ու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը: Մշակույթի նախարարի հիմնադրած «ԱրմենԱկոբ» ընկերությունը պահանջել էր անվավեր ճանաչել 20 տարի առաջ ապրիլի 25-ին քաղաքապետի կողմից կայացրած թիվ 894-Ա որոշումը, որոշման հիման վրա կատարված պետական գրանցումները, պայմանագրերը: 2017թ. նոյեմբերի 28-ին վարչական դատարանը հայցը բավարարել էր: Երրորդ անձ ճանաչված թոշակառուն դիմել է վարչական վերաքննիչ դատարան: Դատարանն, ըստ էության, Երեւանի քաղաքապետի այդ որոշումը Ժ. Մարգարյանի ամուսնու՝ Գագիկ Հակոբյանի մասով ճանաչել էր անվավեր, որպես հետեւանք՝ անվավեր էր ճանաչվել դրա հիման վրա կնքված վարձակալության պայմանագիրը եւ կատարված պետական գրանցումները: Գ. Հակոբյանը երկու ծանր վիրահատություն էր տարել՝ սրտի, գլխուղեղի եւ մահացավ դատական վեճի հետ կապված ապրումներից:
«ԱրմենԱկոբ» ընկերությունը փորձել էր իր սեփականության իրավունքն օրինականացնել 0,5 հա հողամասի նկատմամբ՝ 2006թ. մարտի 16-ին, սակայն պարզվել էր, որ նրա տարածքը «ներառում է» նաեւ քաղաքապետի որոշմամբ Գագիկ Հակոբյանի անվամբ օրինական ճանաչված շինության զբաղեցրած հողամասը:

Այս գործով փորձագիտական եզրակացություն տված անձը դատարանի կողմից չէր նշանակվել, այլ՝ պայմանագրային հիմունքներով, առանց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի պահպանման:
Կարդացեք նաև
Կարծում էինք, թե հինգ-վեց տարի առաջ հարցը լուծում է ստացել, պարզվեց՝ ճիշտ հակառակն է:

Մարգարյանի երկու դուստրերը, որոնց կենդանիների կերերի խանութն ընտանիքի ապրուստի միակ միջոցն է, այլեւս բանալին հանձնել են անհասկանալի մարդկանց, որոնք որեւէ փաստաթղթով չեն հիմնավորում, թե իրենք են սեփականատերերը՝ ի՞նչ փաստաթղթով, ո՞ր որոշմամբ:
Երկու օրը մեկ «սեփականատերը» բացում է որոշակի ժամանակով քույրերի խանութը, քույրերը կերակրում են այնտեղ պահվող թռչուններին, ձկներին, ծովախոզուկներին, դրանից հետո, «սեփականատերը» փակում է այն իր բանալիով ու հեռանում: Այդ խանութում, բացի կենդանիներից, գտնվում է Մարգարյանների դրամական միջոցներով գնված կենդանիների կերը, որոշակի գույք, որը ոչ մի որոշմամբ «ի պահ» չի տրված, որեւէ կերպ չի հիմնավորված, թե ինչու: Վեց ոստիկանների ներկայությամբ ասել են, որ Մարգարյանները հեռանան այդ տարածքից, քանի որ դա նրանցը չէ:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե է դիմել փաստաբան Արմեն Պողոսյանը: Պաշտոնապես կադաստրը պատասխանել է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի Զ. Անդրանիկի 50/5 հասցեով անշարժ գույքի նկատմամբ «Արմեն Ակոբ» ՍՊԸ սեփականության իրավունք գրանցված չէ»: Տեղեկանքը կազմվել էր ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր Հրանտ Շահբազյանի կողմից: Նշեմ, որ նախկին քաղաքապետ Տ. Մարգարյանի մի փաստաթղթի համաձայն էլ. «104,2 քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում»:
Մինչ այս դատական գործընթացներ են տեղի ունեցել եւ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունը գնել է այդ տարածքը:
Երեւան քաղաքի դատավոր Ս. Ուլիխանյանը փետրվարի 8-ին հայցադիմումը ընդունել է վարույթ եւ նաեւ բավարարել միջնորդությունը՝ պատասխանողին՝ Երեւանի քաղաքապետարանին որոշակի գործողություններ կատարելն արգելել:
Մի քանի օր հետո՝ ապրիլի 14-ին նշանակվել է նախնական դատական նիստ, սակայն երբ ոստիկաններին այդ մասին ասվել է, վկայակոչելով «ԴատաԼեքսը», նրանք ասել են, որ «ԴատաԼեքսն» իրենց համար ընդունելի չէ: Մարդիկ դիմել են դատարան մարտի 3-ին, իսկ մարտի 4-ին, փաստորեն, կատարվեցին գործողություններ:
Մարգարյանները դիմել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանին: Այնտեղից պատասխանել են, որ դիմումն ուղարկվել է ոստիկանության Մալաթիայի բաժին՝ տարածքային ենթակայության կարգով հետագա ընթացքը լուծելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.04.2023


















































