Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Կարապետյան․ «Ծանր վնասվածքից հետո շատերի մտածում էին, թե Անդրանիկ Կարապետյանը պետք է հեռանա սպորտից»

Ապրիլ 20,2023 22:15

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նվաճեց Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը։ Փորձառու մարզիկը պոկում վարժությունում ցույց տվեց 178 կգ, ինչը Եվրոպայի ռեկորդ է եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի։ Հրում վարժությունում նա բավարարվեց 196 կգ-ով եւ երկամարտի 374 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան։

Պայքարի ավարտից հետո Անդրանիկը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է իր արդյունքից։ «Յուրաքանչյուր մարզիկ նախընտրում է չեմպիոն դառնալ, բայց այս պահին երկրորդ տեղն ինձ գոհացնում է, որովհետեւ վնասվածք ունեի, ծնկիս վնասվածքը շատ լուրջ էր եւ աշխարհի առաջնությանը մասնակցել էի «B» խմբում։ Բոլորը մտածում էին, որ Անդրանիկ Կարապետյանի համար սպորտից հեռանալու ժամանակն է։ Բայց հաշվի չեն առնում, որ վնասվածքներն են խանգարում։ Իսկ այսօր վնասվածքը չկար եւ արդյունքը կա։

Ինչ վերաբերում է ապագա ծրագրերիս, դա օլիմպիական խաղերն է, բայց ոչ թե միայն մասնակցելը, այլեւ մեդալ նվաճելը։ Իմ վնասվածքը բոլորդ էլ կհիշեք։ Ես ծանրամարտով զբաղվել նորից սկսեցի, իմ սպորտ վերադառնալու նպատակը օլիմպիական մեդալ նվաճելն է։ Հուսով եմ, Աստծո օգնությամբ կլինի»,-ասաց Եվրոպայի նորաթուխ փոխչեմպիոնը եւ այսօրվա պայքարից մի հետաքրքիր դրվագ պատմեց։

«Երեւի լսեցիք, որ հրումի երկրորդ մոտեցման ժամանակ, երբ պատրաստվում էի ծանրաձողը բարձրացնել, լսեցի երեխայիս ձայնը՝ «պապա» ու ինքս ինձ խոսք տվեցի, որ այս քաշը նրա համար եմ բարձրացնում։ Ու ստացվեց։ Այնպես որ, հաղթանակս նվիրում եմ զավակիս»,-ասաց ծանրորդը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930