ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստն այսօր սկսվեց շուրջ 30 րոպե ուշացումով:


Aravot.am-ի հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց. «Մենք այդ փաստաթղթերը կոնկրետ մատնանշեցինք: Տեսեք, Արուսյակ Ալեքսանյանը դատավոր է եւ ՀՀ օրենսդրության համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել եւ իրականացվել բացառապես ԲԴԽ-ի որոշմամբ եւ թույլտվությամբ: Մենք գտնում ենք, որ փաստացի քրեական հետապնդումն ավելի շուտ է եղել, քան այդ որոշումը կայացվել է: Հիմա մենք այս փաստերով ցույց կտանք, որ մինչեւ ԲԴԽ-ի որոշումը փաստացի քրեական հետապնդումը տեղի է ունեցել, ինչը իրավունքի խախտում է եւ կարող է հանգեցնել միայն գործում առկա ապացույցների անթույլատրելիության եւ ընդհանրապես միայն այդ հիմքով իմ պաշտպանյալ արդարացմանը:
Կարդացեք նաև
Միջնորդում ենք նաեւ հրապարակել քննչական ենթակայության կանոնները, որ փոխվել են գլխավոր դատախազի կողմից համապատասխան որոշմամբ, որպեսզի նաեւ հիմնավորենք, որ այդ որոշման պայմանները, որի հիման վրա կայացրել է գլխավոր դատախազը, իրականության մեջ անհիմն են, տեղին չեն, չեն հաստատվում գործի նյութերով եւ նա այդ որոշումը կայացնելու հիմքերը չի ունեցել:
Այս բոլոր փաստաթղթերի հիման վրա մենք մեղադրանքի եւ քրեական գործի ապօրինությունն ենք ուզում հիմնավորել:
Դատարանը նշեց, որ դրանք որպես այդպիսին մեղադրանքի հիմնավորվածությունը հաստատող կամ հերքող ապացույցներ չեն, բայց գտավ, որ դրա անհրաժեշտությունը, ըստ էության կա: Հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա, թե որ փուլում կվերադառնանք դրան»,-ասաց Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































