«Հաճախ դուք՝ դոնոր կազմակերպություններդ էլ տեղյակ չեք միմյանց ծրագրերից, բայց կարեւոր է, որ մեկ ծրագիրը լրացնի կամ շարունակի մյուսին, կրկնություններ չլինեն, ու ամբողջական արդյունքով ծրագրեր լինեն»,-վերջերս Գորիսում կայացած «Միասին Սյունիքի համար-գյուղատնտեսություն» աշխատաժողովում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից, համայնքների ղեկավարներից ու մարզային այլ կառույցների աշխատակիցներից, աշխատաժողովին մասնակցեցին նաեւ Սյունիքի մարզում գործունեություն ծավալող եւ գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնող 23 միջազգային կազմակերպության պատասխանատուներ։ Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ մեկ հարթակում համատեղելով Սյունիքում գյուղատնտեսության ոլորտում ներդրում ունեցող, ծրագրեր իրականացնող ու աշխատանք տանող բոլոր կառույցներին։
«Չկա մի երկիր, որ կարող է զարգանալ առանց զարգացած գյուղատնտեսության, իսկ Սյունիքի մարզում այն նաեւ պարենային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր ու առաջնահերթ գործոն է, դրա համար էլ մենք բոլորս այսօր հավաքվել ենք», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին։
Միջազգային կազմակերպությունները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաեւ առաջիկա տարիներին նախատեսված ծրագրերը։

Սյունիքի մարզպետն անկեղծանում է՝ ինքն անցել է այս ամենի միջով եւ 8 տարեկանից բազմաթիվ ծրագրերի շահառու է եղել։ «Չէի ցանկանա, որ 20 տարի անց պարզվի միլիոնավոր գումարներ են ծախսել ծրագրերի վրա, բայց արդյունքում տարին ամփոփելիս՝ ելքային ցուցանիշները չեն փոխվում։ Արդյունք չկա, բայց ինչ-որ գյուղում, ինչ-որ մի բնակիչ ծրագիր է իրականացրել»,-խոսքն ամփոփեց Ռոբերտ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
























































