Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Թեհրանում (ԻԻՀ)։ Այցը մեկնարկել է Թեհրանի «Արարատ» մարզական ակումբից։
Համահայկական խաղերի պատվիրակությունը նախ շրջայց է կատարել «Արարատ» մարզավանում, հանդիպել բասկետբոլի տղաների թիմի հետ, որն այդ ընթացքում իրականացնում էր հերթական պարապմունքը։ Սա այն թիմերից է, որն ավանդաբար մասնակցում է համահայկական խաղերին։
Ակումբի մեծ թենիսի կորտերում ևս պարապմունքի ժամ է եղել։ Ողջունելով համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակութանը` այստեղ ևս նշել են, որ պատրաստվում են մասնակցել համահայկական խաղերին։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակության հաջորդ այցը եղել է Իրանի Օլիմպիական կոմիտե։ Զաքարյանին դիմավորել է ԻՕԿ-ի նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մահին Ֆարհադիզադեն։ «Տեղյակ եմ, որ օլիմպիական կոմիտեն միշտ աջակցել է իրանահայ մարզիկներին՝ խաղերին մասնակցության հարցում, և Իրանի պատվիրակությունը միշտ ամենամեծերից է եղել»,- նշել է ՀԽՀԿ նախագահը, հույս հայտնելով, որ այս տարի ևս Իրանից մեծ թվով մարզիկներ կմասնակցեն համահայկական խաղերին` օլիմպիական կոմիտեի աջակցությամբ։
Կարդացեք նաև

Իշխան Զաքարյանը ԻՕԿ փոխնախագահին փոխանցել է օլիմպիական կոմիտեի նախագահին ուղղված Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցության հրավերը և նշել, որ ուրախ կլինի կոմիտեի պատվիրակությանը դիմավորել Երևանում։
Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակության հաջորդ հանդիպումը Թեհրանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի հետ է եղել։

Թեհրանում Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է նաև Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության ու Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավորներ Արա Շահվերդեանի և Ռոբերտ Բեգլարեանի հետ:

Համահայկական խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական հարցեր են քննարկվել նաև Թեհրանի հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանի, փոխատենապետ Վահե Թարոյեանի եւ նույն խորհրդի ձեւավորած համահայկական խաղերի հանձնախմբի անդամների ու մարզամշակութային միությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել «Նաիրի», «Սիփան», «Րաֆֆի», «Արարատ», «Սարդարապատ» մարզամշակութային միությունների , Հայկական բարեգործական և Հայ համալսարանական ընդհանուր միությունների, Իրանի հայ արհեստավորների և ազգային մշակութային միությունների ներկայացուցիչները։
Նորաստեղծ խորհրդի հետ մոտ երկուս ու կես ժամ տևած համատեղ նիստի ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերին իրանահայ մարզիկների մասնակցությանն առնչվող հարցերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Անդրադարձ է եղել նաև խաղերի մարզաձևերին ու կանոնակարգային որոշ հարցերին։ Ի պատասխան հնչած հարցերի՝ կոմիտեի նախագահը ևս մեկ անգամ շեշտեց, որ Համահայկական խաղերի նպատակը հայության համախմբումն է՝ սպորտը միայն միջոց է, այդ իսկ պատճառով էլ, ըստ կանոնակարգի, համահայկական խաղերին պրոֆեսիանալ մարզիկներ չեն մասնակցում, և տեղեկացրեց, որ ըստ վիճակագրության, մասնակիցների մոտ 80 տոկոսը Հայաստանում լինում է առաջին անգամ։
Իրանյան այցի ընթացքում համահայկական խաղերի պատվիրակությունն եղել է նաև Թեհրանի Հայ համալսարանական միությունում, հանդիպել երիտասարդ համալսարանականների ու «Զարթոնք» պարախմբի հետ, որոնք ներկայացել են պարային փոքրիկ բեմականացմամբ։ «Զարթոնք»-ը միշտ մեծ պատվիրակությամբ մասնակցում է խաղերին՝ «սպորտային պարեր» մարզաձևով։ «Այս տարի ևս մարզասերները հնարավորություն կունենան վայելել մեր պարային գեղեցիկ համարները սպորտային պարերում»-, վստահեցրել է պարախմբի ղեկավարը։
Ամփոփելով այցը՝ Իշխան Զաքարյանը վստահեցրել է, որ ինչպես նախորդ բոլոր խաղերը, այս Համահայկական խաղերը ևս կանցկացվեն ըստ պատշաճի և կծառայեն իրենց նպատակին։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե



















































