Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ կայացավ «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ․ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողովը, որի նպատակն է երկխոսություն ծավալել միջազգային և հայաստանյան հեղինակավոր փորձագետների, ոլորտային մասնագետների, քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու ապատեղեկատվության մարտահրավերները, քարոզչական ժամանակակից մեթոդներն ու նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մանիպուլյացիաների ու քարոզչության սփռման գործում։

Խոսելով թվային տեխնոլոգիաներից, որոնց զարգացման արդյունքում, ըստ Սեդա Մուրադյանի, նոր հնարավորություններ են ստեղծվել ապատեղեկատվության տարածման համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, նա նշեց, որ այդ ամենի դեմն առնելուն ուղղված քայլերը շատ ավելի դանդաղ են ընթանում եւ ծավալներով փոքր են, միջոցներն ու մարդկային ռեսուրսները՝ նվազ:
Ի թիվս այլնի, նա խոսեց նաեւ Հայաստանում մեդիագրագիտության ցածր մակարդակի մասին, միեւնույն ժամանակ նշեց, որ այս ուղղությամբ քայլեր են արվում՝ ինչպես պետական տարբեր կառույցների, այնպես էլ ՀԿ-ների եւ միջազգային դոնոր կառույցների միջոցով:
Կարդացեք նաև
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին զեկույցով Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ մամուլի ազատության ինդեքսում, եւ տարածաշրջանում առաջատարն է, ինչն ուրախալի է, հաշվի առնելով, որ ըստ ուրիշ հետազոտությունների ՝ Հայաստանը մի շարք ուղղություններով հետընթաց էր ապրել: «Այս համաժողովի ընթացքում նպատակ ունենք լսել ինչպես մեր հայաստանցի գործընկերներին, այնպես էլ մեր հյուրերին: Մեր նպատակն է ուսումնասիրել միջազգային փորձը եւ միասին քննարկել՝ հնարավո՞ր է այն տեղայնացնել նաեւ Հայաստանում»,-ասաց նա:

Հավելենք, որ միջոցառումը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբը, որը կազմակերպվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Համաժողովը կազմակերպվել է ՀԼԱ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































